Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպե՞ս կկազմակերպվի երկրի համաչափ զարգացումը, ինչպե՞ս և ինչի՞ համար է իրականացվում համայնքների խոշորացումը, այս և այլ հարցերի շուրջ «Անկախը» զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ:
- Պարո՛ն Լոքյան, մինչ նախարար նշանակվելը ոլորտի մասին խորքային պատկերացում ունեի՞ք:
- Ես տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման և նման այլ խնդիրներով երբեք չեմ զբաղվել: Բայց ինձ համար նախարար դառնալուց առաջ շատ կարևոր էր, թե ես ո՛ր գերատեսչություն եմ գնում և ինչի՛ համար եմ գնում: Եվ ես խնդրել էի, որ մեր նախարարության անվանման մեջ և գործառույթներում փոփոխություն լինի, քանի որ տարածքների զարգացման հետ կապված լրջագույն պրոբլեմներ ունենք. ես համարում էի, որ պետք է անպայման մեր նախարարությունը վերափոխենք, դարձնենք զարգացման լոկոմոտիվ: Աշխարհի այն երկրներում, որտեղ կան մեր նախարարության նման տիպային նախարարություններ, կոչվում են զարգացման նախարարություններ, և բոլորի համար կա գերակա խնդիր` լուծել տարածքային համաչափության հարցերը, մեծացնել դիվերսիֆիկացիան երկրում և երկրի ամբողջ տարածքն օգտագործել առավել արդյունավետ:
- Դուք ինչպե՞ս էիք պատկերացնում Ձեր գործունեությունն այս ոլորտում, ի՞նչ նպատակներ, թիրախներ, մի խոսքով՝ ի՞նչ տեսլական ունեիք, և դրանցից որո՞նք են մնացել:
- Առաջին գերակայությունը, որ շարունակում է մնալ, մեր հանրապետության անհամաչափության խնդրի լուծումն է: Մեր երկրի ՀՆԱ-ի 54 տոկոսն արտադրվում է Երևանում, այստեղ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մոտ 2.5 անգամ գերազանցում է որոշ մարզերի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ին: Ձեռնարկություններն ամբողջապես կենտրոնացված են մայրաքաղաքում կամ հարակից շրջաններում, բնակչությունը մարզերում հիմնականում ապահովում է գյուղատնտեսության ոլորտի պահանջները, որն ինչքան էլ արդյունավետ լինի՝ չի կարող բավարարել շուրջ 350 հազար գյուղացիական տնտեսությունների ապրուստը… Որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվողն արդյունք ունենա՝ շատերը պետք է դուրս գան այդ ոլորտից, և այդ հողը, ռեսուրսները պետք է գնան խոշորացման, իրական ֆերմերներին, որոնք պետք է արդյունավետ գյուղատնտեսություն վարեն: Իմ հիմնական պատկերացումը հետևյալն է եղել. փորձել ստեղծել զարգացման նոր օղակներ, սաղմեր համայնքներում: Սա կբերի աշխատատեղերի ավելացում, ՀՆԱ-ի մեծացում, այդ տարածքներում եկամուտների կուտակում, ու այս ամենի արդյունքում դեմոգրաֆիկ պրոբլեմից, որ ունենք, երբ 200 և ավելի գյուղական բնակավայրեր ունենք, որտեղ բնակչությունը 300 և պակաս մարդ է, կազատվենք: Իմ առաջին խնդիրն էր ունենալ ՀՀ տարածքային զարգացման ռազմավարություն՝ փաստաթուղթ, որը հստակ, չափելի ցույց կտար, թե ինչ պետք է անենք, ինչպես պետք է անենք և ուր պետք է հասնենք: Այդ փաստաթղթի ընդունումից հետո շատ ավելի պարզ դարձավ, որ անհամաչափությունը վերացնելու հիմնական չափելի գործիքները ցանկացած տարածքում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի բարձրացումն է մինչև հանրապետական միջինից ոչ շատ պակաս, երկրորդը` տարածքներում ունենալ մոտ 60 հազար ոչ ֆորմալ գյուղատնտեսական աշխատատեղեր. դա կստեղծի մոտավորապես 6000 և ավելի ձեռնարկություններ ստեղծելու և տարածքներում միջնակարգ, միջին և բարձրագույն կրթությամբ մասնագետների թիվը բարձրացնելու հնարավորություններ: Այստեղ առաջացավ խնդիր. պետք լինի յուրաքանչյուր համայնքի տեսլականը` պատկերացումները, թե այդ համայնքն իր համար որ ոլորտը կամ որ ծրագրերն է առաջնային կամ առաջնահերթ համարում: Այս տեսակետից մենք պատրաստեցինք հատուկ մեթոդիկա` շատ պարզեցված, որպեսզի յուրաքանչյուր համայնք մեզ տա իր 5-ամյա զարգացման ռազմավարությունը. ի՞նչ է տեսնում՝ ցուցիչներով: Պատրաստեցինք ներդրումային ծրագրերի կազմման պարզ սխեմա, որտեղ յուրաքանչյուր համայնքը պետք է գրի, թե ինչ է ուզում, ինչ ծավալի, որտեղ պետք է վաճառի, որքան վարկ կամ այլ միջոց է իրեն պետք և այլն: Եվ առաջին օրերին, նույնիսկ՝ վարչապետի հետ ունեցած այցերի ընթացքում, մեզ թվում էր, որ անտարբերություն, անհամարձակություն կա, ծրագրեր չեն ներկայացնում: Բայց շատ ուրախալի է, երբ վերջին մեկ շաբաթում ամեն օր մեր նախարարություն են այցելում նվազագույնը 10-15 համայնքապետներ և տարբեր ծրագրեր են առաջարկում: Մենք փորձում ենք դա հունի մեջ գցել, փաստաթղթավորել, իրենց սովորեցնել: Եվ արդեն սկսում են ուրվագծվել այդ ծրագրերը:
- Բայց կա նաև այլ փորձ, երբ պետությունն ինքն է ծրագրեր մշակում` տեղի առանձնահատկություններից, ընդհանուր իրողություններից ելնելով և պատրաստի, այսպես ասենք` բիզնես պլանների, առաջարկների կամ խորհրդատվության տեսքով առաջարկում համայնքներին: Միգուցե այսպես և՞ս փորձեք:
- Երկրորդ փուլում մենք ենք ծրագրեր առաջարկում, և զուգահեռ արդեն ոչ մի ծրագիր իրականացնողի, առանց փոքր վերապատրաստման, բիզնեսի տարրական կանոններ սովորեցնելու, չենք փորձելու օգնել: Իհարկե, այնպես չէ, որ բոլորն անտեղյակ են, բայց մենք իրենց պետք է օգնենք ռեսուրսները ճիշտ հաշվելու հարցում: Խնդիրը մեզ համար հստակ էր, որ չենք կարող գյուղը հավերժ թողնել 10 միլիոն դրամ բյուջեով, որի 80 տոկոսն էլ պետությունը դոտացիայի տեսքով է հատկացնում, և ասել, որ քո բնակիչը կարող է երջանիկ ապրել: Համայնք պետք է գնան տնտեսական նախաձեռնություններ, որոնք պետք է մեծացնեն համայնքային եկամուտները, քաղաքացու եկամուտները, և այդ համայնքը ծառայություն մատուցելու հնարավորություն ունենա: Հիմա սա մեծ ծավալ է ընդգրկել, կառավարությունն է լրիվ մոբիլիզացվել, մենք դոնորներին ենք ներգրավել այս գործընթացներում, նաև իրենք են հաճույքով շատ ծրագրերի ֆինանսավորման գործընթացների մեջ մտնում: Ես համոզված եմ, որ հաջողելու ենք, քանի որ այլ ելք չկա: Ժամանակն է, որ վերլուծություն անենք, թե ինչը կարող ենք արտադրել տեղում, ավելի արտադրել ու արտահանել: Մեր մյուս պրոբլեմը ծավալային դեֆիցիտներն են: Օրինակ` մենք ասում ենք` պանիր ենք արտադրում, բայց եթե հասնենք այդ պանիրն արտահանելու հարցին, ապա չենք կարող ռուսական նույնիսկ մեկ ամենափոքր սուպերմակետների ցանցի մեկ տարվա անհրաժեշտ ծավալներն ապահովել: Որոշակի լոգիստիկ կենտրոններ պետք է ստեղծվեն, որոնք կամաց-կամաց արտահանման ֆունկցիա կկատարեն: Հիմա այս պրոցեսի մեջ ենք, որին հաջորդում է զուհագեռ ընթացող մեկ այլ պրոցես, որը կոչվում է մարզերի ռազմավարությունների ստեղծման փուլ: 2017 թվականից արդեն անցնելու ենք յուրաքանչյուր մարզի տարածքային ռազմավարության գործառնական ծրագրերի իրականացմանը: Հիմա մենք համապարփակ լուծումներ ենք փորձում տալ, ասում ենք` բոլոր նախարարությունները պետք է աշխատեն մեկ ծրագրի տիրույթում, որպեսզի այդ խնդիրները լուծեն, որպեսզի այդ 60 հազար աշխատատեղերն ու ՀՆԱ-ն ունենանք, որպեսզի 2020 թվականին մեր մեկ շնչին բաժին ընկնող միջին ՀՆԱ-ն դառնա 4800 դոլար, ներկայիս 3500 դոլարի փոխարեն, իսկ 2025 թվականին՝ 4.4 միլիոն դրամ, որը լուրջ թիվ է մեր երկրի համար: Երկրի ներսում էլ պետք է ունենանք տարածքների զարգացման համար ֆինանսական ինչ-որ կառույց, և տարածքների զարգացման համար փողերն այս ֆինանսական կառույցով պետք է ծախսվեն: Սա աշխարհում փորձարկված մոդել է, որի շնորհիվ շատ երկրներ իրենց տարածքները բերել են համաչափության վիճակի և հավասարակշռության խնդիր են լուծել: Իհարկե, այստեղ շատ լուրջ խնդիրներ կան. պետությունը պետք է ռեսուրսներ գտնի այս ծրագրերի համար, երկրորդ` համայնքները պետք է ավելացնեն իրենց ռեսուրսները:
- Համայնքների համաչափ զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց կապիտալի, ֆինանսների, կադրերի ու այլ ռեսուրսների համաչափ բաշխման, նաև տեխնոլոգիաների աշխույժ շարժերի. ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդիրների լուծումը:
- Համաչափությունը ապահովելու համար պետք է լուրջ ինստիտուցիոնալ փոփոխությունների գնաս, ոչ ոք թող չմտածի, թե կկարողանա գյուղում լուրջ տնտեսական ծրագրեր իրականացնել, երբ այդ գյուղի բնակչությունն ընդամենը 250 մարդ է: Այսինքն` պատկերացրեք, թե այդ 250 մարդու համար պետությունն ինչ ռեսուրսներ պետք է դնի` գազ քաշի, ճանապարհ կառուցի, ջուր անցկացնի, դպրոց պահի, որտեղ 12 կամ 15 երեխա կա, առողջապահական կենտրոն ունենա և այլն: Ուրեմն ի՞նչ պետք է անենք. ռեսուրսների խոշորացում ունենալու համար պետք է այս համայնքները միացնենք: Մարդկային կապիտալ գտնելու համար, օրինակ, 10 համայնք պետք է միացնենք, որպեսզի 5000 բնակիչ ունենանք, որտեղ ֆինանսականից բացի, մարդկային կապիտալ էլ կհայտնվի: Որովհետև, եթե մի գյուղում 1-2 կրթված, գիտակից, ժամանակակից ու մտածող երիտասարդներ կան, ապա 10 գյուղում նրանց թիվը դառնում է 20-30, որոնք արդեն կարող են ընդհանուր ծրագրային մտածողություն ունենալ: Այս դրույթից ելնելով՝ գնացինք համայնքների խոշորացման քաղաքականության: Համայնքներն այս պրոցեսի արդյունքում կարողացել են լուրջ ֆինանսական ռեսուրսներ խնայել: Մենք մարդկային ռեսուրս չենք կրճատել, այլ օպտիմալացման ենք գնացել: Օրինակ՝ ասել ենք՝ ինչո՞ւ պետք է ամեն գյուղ գնումների մասնագետ ունենա, դրա փոխարեն, օրինակ, թող անասնաբույժ ունենա, կամ մեկ այլ գյուղ թող փականագործ ունենա, այն մասնագետներն ունենա, որոնց կարիքը զգում է: Բայց յուրաքանչյուր համայնքում այն լրացուցիչ ծախսերի կրճատումով, որ անում էին նախկին գյուղապետարանները, լուրջ խնայողություններ ունենք: Բացի այդ, խոշորացվող համայնքները ստանում են նաև գրանտներ թե՛ պետությունից, թե՛ միջազգային կազմակերպություններից: Այսինքն` պատկերացնում ենք, որ առաջին փուլում պետք է ֆինանսական ներարկումներ արվեն: Երբ առաջին փուլը կավարտվի՝ արդեն պետական միջոցներով կսկսենք օժանդակության ծրագրեր իրականացնել:
- Ավելի մանրամասն խոսենք համայնքների խոշորացման մասին: Այդ գործընթացի արդյունքում ի՞նչ ենք ունենալու:
- Մենք երկրում ունենալու ենք առավելագույնը 100 համայնք 2018 թվականի վերջին, որոնք ինքնուրույն, համատեղությամբ կկարողանան իրենց կառավարումն իրականացնել, իրենց տեսլականն ունենալ, և աստիճանաբար կսկսենք այս համայնքներին փոխանցել ծառայություններ: Աստիճանաբար տեղերում ինքնակառավարվելու, ինքնուրույնության լիազորություններն ենք մեծացնելու, և դա անելու ենք մարզպետարանների փոքրացմամբ ու գործառույթների կրճատմամբ: Մեր տեսլականով՝ 2019 թվականին հնարավոր է, որ ունենանք 5 տարածքային կառավարման միավորներ մարզպետարանների փոխարեն՝ շատ փոքր աշխատակազմերով, որոնք պետք է վերահսկեն կենտրոնական կառավարման համակարգի որոշումների տեղում իրականացումը, լուծեն պաշտպանության ու անվտանգության, արտակարգ իրավիճակների կառավարման, զորակոչային և տնտեսական ծրագրերի խնդիրներ: Տարածքների կառավարումը պետք է տանք այդ խոշոր համայնքներին: Եվ ամենակարևորը՝ հաջորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ արդեն այդ խոշորացված համայնքներում համամասնական ընտրություններով պետք է ՏԻՄ-եր ընտրենք: Այսինքն՝ քաղաքականացնենք, որպեսզի վերահսկողությունը մեծացնենք: Սա է մեր տեսլականը:
- Ինչպե՞ս է պետությունը պատրաստվում խրախուսել կապիտալի, գործարար նախաձեռնությունների հոսքը դեպի տարածաշրջաններ: Միգուցե բարենպաստ պայմաններ ստեղծելո՞վ կամ արտոնությունների համակարգերի միջոցո՞վ:
- Մենք ասում ենք՝ ռեսուրսներ ենք հայթայթում տարբեր տեղերից, ու եթե համայնքը ծրագիր է իրականացնում կամ մասնավոր հատվածը տվյալ համայնքում ծրագիր է իրականացնում, մենք նրանց կօգնենք. պետությունն ասում է, որ մինչև 70-80 հազար դոլարի սահմաններում ենթակառուցվածքային խնդիրները պատրաստ է իր վրա վերցնել, եթե կա պատրաստի բիզնես ծրագիր կամ համայնքն ուզում է այդ ծրագիրն ինքնուրույն իրականացնել: Նաև կառավարությունը ձեռնարկել է մեկ ֆոնդի ստեղծման գաղափար, որն այսպիսի ծրագրերի իրականացման համար միջոցներ կտրամադրի: Պատկերացրեք՝ 5 կամ 6 տոկոսով դրամով վարկեր լինեն, որը հեշտացնում է բիզնեսի վիճակը, մեղմ պայմաններով է տրամադրվում, ամբողջ ունեցվածքը չի գրավադրվում և այլն: Կառավարությունը պատրաստ է նաև պետություն-մասնավոր ձևաչափով ներդրումներ կատարել: Այսինքն՝ 50 տոկոսով մասնակից եմ դառնում քո ծրագրին, դու ես ծրագրի տերը, 5 կամ 7 տարվա ընթացքում պետությանը վերադարձնում ես իր բաժնեմասն ու ամբողջը դառնում է քոնը: Կամ կարող է նաև համայնքն էլ իր որևէ ձեռնարկությունը, որ ունենա, վարձակալությամբ հանձնի մասնավորին ու եկամուտ ստանա, ՀՆԱ-ն էլ աճի: Մեր վերջին նպատակը ՀՆԱ աճն ու ավելացված արժեքի ապահովումն է, որ մարդկանց եկամուտները փոքր-ինչ ավելացնենք:
- Պարո՛ն նախարար, Դուք էլ նշեցիք, որ համայնքները 70-80 տոկոս դոտացիաների հաշվին են գոյատևում: Բայց դա մոտիվացնող չէ, այսինքն՝ մի համայնք կարող է, ոչինչ չանելով, իր 70-80 տոկոս դոտացիաները ստանալ ու այսպես ասած՝ վայելել, մեկ այլ համայնք էլ՝ ակտիվ ծրագրեր իրականացնի, բայց միևնույն է, ստանա նույն 70-80 տոկոս դոտացիան՝ նույնքան գումար, որքան մատը մատին չտված համայնքը: Այս խնդիրն ինչպե՞ս եք պատրաստվում լուծել:
- Իրականում համայնքների մի մասի մոտ 85 տոկոսի է հասնում պետական դոտացիան, մի մասի մոտ՝ 50 տոկոսի: Ընդհանուր առմամբ, եթե պետությունը 48 միլիարդ դրամ դոտացիա է տրամադրում համայնքներին ֆինանսական համահարթեցման համար, բոլոր համայնքների սեփական եկամուտները միասին 35 միլիարդ են, որից 20 միլիարդը Երևանի եկամուտներն են: Այսինքն՝ մնացած 714 համայնքները միասին ընդամենը 15 միլիարդ սեփական եկամուտներ են հավաքում՝ գույքահարկ, հողի հարկ, վարձակալության վճար, ծառայություններ, որոնց դիմաց տուրքեր է գանձում և այլն: Այսինքն՝ մենք մեր համայնքներին դեռ չենք հասցրել մի վիճակի, որ նրանք առավելագույն ջանք թափեն սեփական եկամուտ ձևավորելու համար: Չեն ձևավորում, պետությանն ասում են՝ գիտե՞ք, մեր բյուջեում փող չկա, խնդրում ենք՝ փող տվեք, մենք էլ ստիպած տալիս ենք, որպեսզի այդ համայնքը չավերենք: Մենք դոտացիան բաշխում էինք բնակչության թվով ու համայնքի եկամուտների բազայով և այլևս ոչ մի գործոն հաշվի չէինք առնում: Մեր կարևոր փոփոխություններից մեկը, որ այս տարի իրականացրել ենք, ֆինանսական համահարթեցման օրենքի փոփոխությունն էր: Հիմա ասում ենք՝ համայնքների ֆինանսական համահարթեցումը կատարվելու է բնակչության թվով՝ ըստ պետռեգիստրի, սեփական եկամուտների բազայով, մայրաքաղաքից, մարզկենտրոնից ու նախկին շրջկենտրոնից ունեցած հեռավորությունով, ծովի մակերևույթից ունեցած բարձրությամբ, 0-10 տարեկան երեխաների ու 63-ից բարձր տարիքի բնակչության թվով: Մենք սա արեցինք ու արդյունքում տեսանք, որ շատ մեծ նպաստ բերեցինք բարձրլեռնային ու հեռավոր բնակավայրերին, որոնք նախկինում ստանում էին Երևանի շրջակայքում գտնվող գյուղերին համարժեք գումար, և քանի որ բնակչությունն էլ շատ փոքր էր, բազաներն էլ փոքր էին, ընդհանրապես շատ փոքր գումարներ էին ստանում: Անցումային դրույթ ենք դրել և 2019 թվականից լիակատար անցում կկատարենք այս ֆորմուլայով ֆինանսավորման համակարգին:
Ամբողջական հոդվածը՝ Ankakh.com-ում