Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավանդապահ եւ ավանդապաշտ հայ մարդը բոլոր ժամանակներում հավատարիմ է եղել իր հավատքին եւ, ի հեճուկս պատմության վայրիվերումների, շարունակել է եկեղեցաշինության աստվածահաճո գործը: Կառուցել է, արարել եւ սերնդե - սերունդ փոխանցել դարերի խորքից եկող հոգեւոր հարուստ ու անկրկնելի ժառանգությունը:
Արագածոտնի մարզի Գեղադիր համայնքում հոգեւոր զարթոնքի իրական տոնախմբություն էր: Գեղադիրցիների, բոլոր հավատավորների առջեւ իր դռները բացեց Սրբ. Գրիգոր Լուսավորիչ անունը կրող նորակառույց եկեղեցին: Դրանով իսկ իրականացավ նրանց վաղեմի երազանքը՝ ունենալ գործող աղոթատեղի, որտեղ կիրականացվեն հավատքին, հոգեւոր ապրումներին հագուրդ տալու իրենց պահանջմունքները:
Նորակառույց եկեղեցին իրականություն է դարձել՝ շնորհիվ ծնունդով գեղադիրցի Կառլեն Գեւորգյանի ազգանվեր բարերարության, ում նվիրատվության եւ մեծ ջանքերի արդյունքում կառուցվել է եկեղեցին, բարեկարգվել շրջակայքը՝ պատրաստ գրկաբաց ծառայելու հավատացյալ հանրությանը:
Բացման արարողությանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Նիգ-Ապարան հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից, հարեւան համայնքներից:
Եղեկեցու օծման արարողությունը կատարվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի կողմից: Օրվա խորհուրդը նա ընդհանրացրեց պատկերավոր արտահայտչականությամբ, հայ եկեղեցին համեմատելով Նոյան տապանի հետ՝ իբրեւ հոգու փրկության մեծ հանգրվան եւ հայրական տան հետ՝ իբրեւ ծնողական սիրո եւ խռովված հոգու փարատման սրբազան օրրան:
Եկեղեցին իբրեւ ընծա ստացավ իր առաջին սրբապատկերը, եւ կատարվեց առաջին մոմավառությունը:
Եկեղեցու բացման կապակցությամբ հնչեցին շնորհավորանքի եւ երախտագիտության խոսքեր: Դպրոցականները տոնը հագեցրին իրենց երգ ու պարով: Տոնական օրը շարունակվեց մատաղի մատուցմամբ եւ ավադական հյուրասիրությամբ:
ՀՀ Արագածոտնի մարզի տեղեկատվության եւ հասարակայնութան հետ կապերի բաժին