Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 28-ին Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղում, Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի նախագահությամբ եւ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի մասնակցությամբ, կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:
Գինով, ջրով լվացվեցին նախապես ընտրված 16 վեմ քարերը, որոնց համար ընտրվել էին 16 կնքահայրեր: Այդ պատասխանատու պարտականությունը սիրով ստանձնել էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, եկեղեցու բարերար Խաչատուր Խաչատրյանը, համայնքապետ Հարություն Չվչյանը, բարերարի որդիները և համագյուղացիներ:
Գյուղը եկեղեցի չի ունեցել, և տարիներ շարունակ գյուղի բնակիչներն իրենց աղոթքն առ Աստված բարձրացնելու և հոգևորականի խոսքը լսելու համար այցելել են տարածաշրջանի գյուղերում գտնվող եկեղեցիներ: Եկեղեցու բարերար Խաչատուր Խաչատրյանը, երկար տարիներ բնակվելով Կիևում, նախաձեռնեց սեփական գյուղում կառուցել եկեղեցի, որը կծառայի գյուղացիներին և կնպաստի գյուղի հոգևոր վերազարթոնքին:
Եկեղեցու ճարտարապետն է Խաչիկ Դանիելյանը, ով նաև Մեծամոր քաղաքի Սբ Ղազար եկեղեցու նախագծողն է:
Եկեղեցին կառուցվում է գյուղի կենտրոնում: Այն լինելու է տուֆակերտ, գմբեթավոր եկեղեցի` 11.2X11.2 մետր չափերով, 16.4 մետր բարձրությամբ, միախորան, խորանի երկու կողմերում եռանկյունաձև ավանդատներով, արևմուտքում կցված զանգակատնով: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2012 թվականի գարնանը: