կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-17 15:30
Հասարակություն

Այս տարի կանանց նկատմամբ բռնության 1791 դեպք է գրանցվել

Այս տարի կանանց նկատմամբ  բռնության 1791 դեպք է գրանցվել

2017թ. 9 ամիսների ընթացքում իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ բռնության 1791 դեպք է գրանցվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 1885 դեպք: Նաև` 2017թ. 9 ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 146 դեպք: ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախնական նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նման տվյալներ հրապարակեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

«Պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուր ընտանիքում կա առնվազն մեկ երեխա, ով, եթե չի ենթարկվում ֆիզիկական բռնության, ապա հոգեբանական բռնության կարող է ենթարկվել: Եթե մենք ուզում ենք, որ մեր ընտանիքներում բռնություններ չլինեն, պետք է նպաստենք, որ նման օրենքներ ընդունվեն»,- ասաց նա:

Դուրյանի խոսքով` գուցե օրենքում կա որոշակի հասկացությունների հստակեցման կարիք, սակայն դա զուտ տեխնիկական խնդիր է: «Շուրջ քսան տարի աշխատելով երեխաների, ընտանիքների հետ` փաստում եմ, որ, այո, ունենք ընտանիքում բռնության դեպքեր: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ օգնենք բռնության զոհերին, ինչու չէ` նաև բռնություն կիրառողներին: Ես ցավ եմ ապրում, որ ասում ենք` դեպքերը քիչ են կամ շատ, չէ՞ որ մենք խոսում ենք մարդու մասին: Համարում եք, որ 500 կամ 600 դեպքը հայ ընտանիքների համար քի՞չ է»,- ասաց նա` նշելով, որ կան նաև ընտանեկան բռնության արդյունքում ինքնասպանության դեպքեր:

Դուրյանի խոսքով` այնպես չէ, որ այն երկրներում, որտեղ կան ընտանեկան բռնության մասին օրենքներ, տվյալ հանցագործությունը վերացել է, սակայն մեր երկրում, ունենալով նման օրենք, կստեղծվի միասնական բազա, հասարակությունը կտեղեկանա, որ նման օրենք կա: «Օրենքը միտված է նրան, որ մենք պաշտպանենք և օգնենք բռնության զոհերին: Օրենքը մեզ կարող է օգնել, ոչ թե խանգարել»,- ասաց նա: