կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-10 09:52
Աշխարհ

Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք. Արման Թաթոյան

Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք. Արման Թաթոյան

Սիրելի հայրենակիցներ, այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ կամ հնարավորություն։ Դա միայն ավելացնում է լարվածությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս ճակատագրական օրերին մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն:

Անընդունելի, դատապարտելի է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը ու այն էլ, ինչպես նշված է, այն պայմաններում, երբ երեխան է եղել մեքենայի մեջ: ՀՀ ԱԺ նախագահին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Դատապարտելի է այն, որ հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը: Ինչպես վկայում են այս պահի տվյալները, տեղի է ունեցել լրատվամիջոցի գույքի ու տեխնիկայի նկատմամբ հարձակման փորձ, ինչպես նաև ըստ այս պահի տվյալների՝ հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների նկատմամբ:

Բացի այն, որ նման արարքները օրենքով արգելված են, այս դժվար օրերին լրատվամիջոցները կարևորագույն գործառույթներ են կատարում:

Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք ամեն պահ, որ մենք ունենք պետություն, որտեղ գործում են օրենքներ ու մեր պետությունում կան պատասխանատու մարմիններ, որոնք պարտավոր են գործել այդ օրենքներին ու իրավունքին համապատասխան:

Մեր այդ պետականությունն են հիմա պաշտպանում մեր հերոս զինվորները սահմանին:

Աստված պահապան մեր ժողովրդին, Հայաստանին ու Արցախին»: