Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների պաշտպանը տեսանյութ է հրապարակել կանանց նկատմամբ բռնության անթույլատրելիության և բռնության կանխարգելման մասին։ Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Ընտանիքում բռնության կանխարգելմանն աջակցելը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է:
Եթե քաղաքացին ընտանիքում բռնության է ենթարկվել, ապա Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով տվյալ անձը կարող է զանգահարել թեժ գծի շուրջօրյա 116 հեռախոսահամարով կամ այցելել ինչպես Երևանի, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի ստորաբաժանումներ:
Պաշտպանի իրավասու ներկայացուցիչը քաղաքացուն կտրամադրի անհրաժեշտ տեղեկություններ:
Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցնում է կանանց նկատմամբ բռնությունը և ընտանեկան բռնությունը ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ազդեցություն:
Կանանց նկատմամբ բռնությունը նրանց նկատմամբ խտրականության դրսևորման տարածված ձևերից է: Այս երևույթը տարածված է ամբողջ աշխարհում` ունի տարբեր դրսևորումներ և տարածվածության աստիճան: Այս ոլորտի վիճակագրությունը որևէ կերպ չի արտացոլում կանանց նկատմամբ ընտանիքում բռնության իրական պատկերը, քանի որ նրանք մեծ մասամբ գերադասում են լռել: Ընտանիքում բռնությունը համարվում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև:
Բռնությունը բացասաբար է անդրադառնում թե բռնության ենթարկված կնոջ, թե տղամարդու, թե բռնությանը ականատես և այդպիսի միջավայրում մեծացող երեխաների հետագա զարգացման վրա: Նշված իրավիճակը խարխլում է նաև ընտանեկան արժեքները: Ավելին` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանիքում բռնությունը, կնոջ ցածր ներգրավվածությունը հասարակական և քաղաքական կյանքին բացասաբար է ազդում նաև երկրի տնտեսության վրա:
Առանց բռնության ընտանիքը երեխայի և հասարակության զարգացման երաշխիքն է: