կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-16 23:10
Տնտեսական

Հայաստան են այցելել սոմելյեներ աշխարհի 7 երկրներից

Հայաստան են այցելել  սոմելյեներ աշխարհի 7 երկրներից

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով եռօրյա այցով Հայաստանում էին գտնվում գինու ոլորտը լուսաբանող առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ և սոմելյեներ աշխարհի 7 երկրներից` Ճապոնիայից, Իսրայելից, Էստոնիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Կանադայից և Ավստրալիայից:

 Այցի նպատակն էր բացահայտել գինեկենտրոն Հայաստանը, տեսնել աշխարհի հնագույն գինեգործարանը և համտեսել հայկական տեղածին սորտերից պատրաստված յուրահատուկ գինիները:

 Հյուրերը հիմնադրամի մասնագիտական խմբի ուղեկցությամբ Արմավիրի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում այցելել են խաղողի այգիներ, գինեգործարաններ, ծանոթացել արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին, հայկական գինիների տեսականուն, հայկական գինեգործության ավանդույթներին:

 «Տիեռաս դե Արմենիա», «ՄԱՊ», «Արմենիա Վայն», «Ոսկեվազ», «Զորահ», «Վան Արդի», «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս», «ՎանՍևան» գինեգործարաններում մասնագիտական քննարկումներ են անցկացվել սեփականատերերի և գինեգործների հետ: Հրավիրյալ սոմելյեներն առանձնահատուկ ուշադրություն և հետաքրքրություն են ցուցաբերել տեղածին խաղողի սորտերից պատրաստված գինիների նկատմամբ՝ շեշտելով, որ Հայաստանն իր բացառիկ ու հնագույն տեղածին սորտերից պատրաստված գինիներով նոր ասելիք ունի աշխարհին, և կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել միջազգային ասպարեզում:

 Այցի շրջանակներում լրագրողներն ու սոմելյեները մասնակցել են Արենիի գինու ամենամյա փառատոնին, վայելել գործարանային և տնայնագործական արտադրության գինիները:

 Անգլիական հեղինակավոր «Դեկանտեր» ամսագրի լրագրող Ջոզեֆ Դարրելն իր խոսքում նշել է, որ տեղի տերուարի բացառիկությունը հայկական գինիներին առանձնահատուկ շքեղություն է հաղորդում, որով Հայաստանը կարող է մրցակցային առավելություններ ունենալ միջազգային շուկայում:

 

«Այն ներուժը և սերը գինու նկատմամբ, որին ես ականատես եղա Հայաստանում երիտասարդ գինեգործների շրջանում, ինձ թույլ են տալիս պատկերացնել, թե Հայաստանն ինչ հիանալի հեռանկար ունի ոլորտի զարգացման առումով»,- նշել է Ռեբեկկա Մեյեր-Լիբմանն, ով Հայաստան էր ժամանել Կանադայից:

 

Այսօրինակ հրավերների կազմակերպմամբ հիմնադրամը նպատակ ունի լայն լուսաբանում ապահովելու միջոցով բարձրացնել հայկական գինիների ճանաչելիությունը միջազգային շուկաների սպառողների շրջանում: