կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-11 15:28
Քաղաքական

Օրենքը չի վերաբերելու ծնողական խրատին. ՄԻՊ

Օրենքը չի վերաբերելու ծնողական  խրատին. ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծին: Նա նշեց, որ նախագծի առնչությամբ ակտիվ աշխատանքներ են տարել բոլոր կողմերի հետ:

«Քննարկում է եղել օրենքի նախագծի ընդդիմադիրների հետ, մենք փորձում ենք հասկանալ տարբեր դիրքորոշումները»,- հայտարարեց նա, ապա հավելեց. «Հիմա մենք էլ պետք է աշխատենք, առավել պրոֆեսիոնալ քննարկումներ են անհրաժեշտ` մտահոգությունները վեր հանելու, փարատելու համար»:

Թաթոյանի խոսքով` օրենքի նպատակներից մեկը պետք է լինի ընտանեկան արժեքների խթանումը մեր երկրում և ավանդական ընտանեկան արժեքների ամրապնդումը, ընտանիքի պաշտպանությունը:

«Պետք է հաշվի առնել, որ ընտանիքում բռնության դեպքերը աճի միտում ունեն, դա մտահոգող է արդեն` վիճակագրական տվյալները ներկայացվել են իրավապահ մարմնի կողմից: Ես հույս ունեմ` այս քննարկումները կբերեն ընդհանուր մոտեցումների, որովհետև դրանք պետք է հիմա տեղափոխել պրոֆեսիոնալ դաշտ` հասկանալու համար` որոնք են այս կամ այն կողմի համար մտահոգելի հարցերը, և աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց ՄԻՊ-ը:

Թաթոյանը նշեց, որ, ելնելով միայն ՄԻՊ-ին հասցեագրված բողոքներից, շատ դեպքեր կան, որ գործող օրենսդրական կարգավորումները պատշաճ հնարավորություն չեն տալիս արձագանքելու: Նրա խոսքով` նախագծում առավել շատ քննարկման առարկա են դարձել հոգեբանական և տնտեսական բռնությունների մասերը:

«Այդ քննարկումները, որին մենք էլ ենք մասնակցում, հենց դրան են ուղղված` փորձում ենք հասկանալ, թե որոնք են այդ մտահոգությունները, և հնարավոր կիրառության ժամանակ որտեղ կարող ենք խնդիր ունենալ»,- բացատրեց ՄԻՊ-ը:

Թաթոյանի համար անսպասելի չէին, որ օրենսդրական նախագծի քննարկումների ժամանակ կլինեն վեճեր և թյուրընկալումներ:

Հարցին` ավանդական հայկական ընտանիքի քայքայման ռիսկեր կա՞ն, նա արձագանքեց. «Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, այդ թվում` սա, չի կարող խաթարել Հայաստանում ավանդական ընտանեկան արժեքները: Առաջարկելու ենք ձևակերպումներ, որոնք հատկապես կամրագրեն այդ նպատակները, որ օրենքը չի կարող երբևէ խաթարել ավանդական ընտանեկան արժեքները»:

Դիտարկմանը` մարդիկ կան, ասում են` ես եմ, իմ կինը, ինչո՞ւ եք ներխուժում ներընտանեկան վեճերի մեջ, Թաթոյանն արձագանքեց. «Սահմանադրությամբ` ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք: Պետության համար առողջ հասարակություն ունենալու համար չափազանց կարևոր է, որպեսզի ընտանիքի բոլոր անդամները լինեն լրիվ առողջ, որովհետև երեխան ունի ընտանիքում ապրելու լիիրավ իրավունք, հետևաբար` ընտանիքում պետք է մեծանա առողջ երեխա, նաև պետությունը պետք է ստեղծի այդ պայմանները»:

Հարցին էլ` հայրական ապտա՞կ էլ չեն կարող տալ այլեւս, եթե օրենքն ընդունվի, կարո՞ղ է դատարանները ամեն մի հայրական ապտակից ծանրաբեռնվեն՝ օմբուդսմենը պատասխանեց. «Չէ, դրա վրա օրենքը չի տարածվելու՝ ծնողական խրատից սկսած»: