կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-24 15:49
Հասարակություն

Արցախի փողոցում 4-րդ կարգի վթարային երկու շենքերի բնակիչներին նոր բնակարաններ նվիրեցին` ավագանու որոշմամբ

Արցախի փողոցում 4-րդ կարգի վթարային երկու շենքերի բնակիչներին նոր բնակարաններ նվիրեցին` ավագանու որոշմամբ

Երևանի ավագանին այսօր՝  հունիսի 24-ին, հրավիրել էր արտահերթ նիստ: Օրակարգում ներառված հինգ հարցերից մեկը վերաբերում էր Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի` նախկինում հանրակացարան, բնակիչների վերաբնակեցմանը վերաբերող նախագծին: Նախագիծը ենթադրում է 142 բնակարանի բնակիչների վերաբնակեցում՝ 81 բնակարան Արցախի 8 հասցեում և 61 բնակարան Արցախի 10  հասցեում: 

19 բնակարանի սեփականատերեր նախընտրել են մնալ շենքում՝ տարբեր պատճառաբանություններով. ոմանք ավելի մեծ տարածքի փոխհատուցում են պահանջում, մյուս մասը դեմ է վարձակալած բնակարան տեղափոխվելուն:

Նախագիծը ներկայացնող` Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը նշեց, որ  քաղաքապետարանն այդ մարդկանց առջև որևէ խոստում, պարտավորություն չի ստանձնում, ինչպես նաև չի տալիս երաշխիքներ:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց՝ 3-րդ կարգի վթարային շենքերի մեծ մասը գտնվում է Աջափնյակում, որոնք  աստիճանաբար 3-րդ կարգից դառնում են 4-րդ կարգի վթարային:  4-րդ կարգի վթարային շենքերը Երեւանում 4-ն են, որոնցից 2-ի բնակիչներն այս պահին վերաբնակեցվում են:

«Կա առաջարկ ցածր հարկայնությամբ շենքերը փոխարինել բարձր հարկայնությամբ, որը հնարավորություն կընձեռի կառուցապատողին` եղած շենքերի բնակիչներին վերաբնակեցնել, իսկ մնացած բնակարաններով բիզնես գործառույթ իրականացնել: Սա քաղաքապետի առաջարկությունն էր»,- ասաց Խաժակյանը:

Նա նշեց, որ հասկանում է այն բնակիչներին, որոնք չեն ուզում դուրս գալ իրենց բնակարաններից եւ վարձով ապրել: «Որովհետեւ աչքը տեսածից է վախենում: Մենք տեսել ենք նախկինում բազմաթիվ դեպքեր, երբ բնակիչները կորցրել են իրենց բնակարանները, չեն կարողացել նորը ձեռք բերել, կամ նորը վաճառված է եղել նաեւ ուրիշներին: Մենք առաջարկում ենք մեկ քայլ առաջ անել` չսպասել, որ շենքը դառնա 4-րդ կարգի վթարային, այլ հաշվառենք 3-րդ կարգի վթարային շենքերը, քաղաքապետարանի միջոցներից հատկացնենք նոր շենքերի համար տարածքներ, իրականացնենք վերաբնակեցում` ըստ առաջնահերթության, ապա նոր, որպես լրացուցիչ ֆոնդ, ներեգրավենք կառուցապատողներին: Մենք առաջարկում ենք ստեղծել վերաբնակեցմամբ զբաղվող կառույց՝ հիմնադրամ, որը կհամակարգի այս գործընթացը»,- հայտարարեց «Լույսի»-ի ղեկավարը:

Այսպիսով, Երևանու ավագանին այսօր արտահերթ նիստում որոշում կայացրեց թույլ տալ Երևանի քաղաքապետին՝ քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային Արցախի պողոտա 4 նրբանցքի հ.8 և հ.10 շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով անհատույց օտարել (նվիրել) բնակարաններ՝ Շինարարների փողոցի հ.15, Շինարարների փողոցի հ.6/1, Մարգարյան փողոցի հ.45, Սիսակյան փողոցի հ.16 հասցեներում գտնվող նորակառույց և Սիսակյան փողոցի հ.3 հասցեում նոր կառուցվող բազմաբնակարան շենքերից։