Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի աշխատակիցներն Արցախի Հանրապետությանում այցելել են Ադրբեջանի քաղաքացիներ, կալանքի տակ գտնվող Էլնուր Հուսեյնզադեին, Արցախում իրենց պատիժը կրող Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասքերովին: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ այցելությունները կատարվել են սեպտեմբեր ամսին:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ դիվերսիայի փորձ ձեռնարկելիս ձերբակալվել էր Էլնուր Հուսեյնզադեն: Նա մեղադրվում է դիվերսիայի փորձ կատարելու և առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ:
Իսկ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը մեղադրվում էին ԼՂՀ քրեական օրենսգրքի` միաժամանակ 5 հոդվածի հատկանիշներով. Գուլիևին` լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, անձին բացահայտ առևանգելու, գույքի գաղտնի հափշտակության, իսկ Ասկերովին նաև` ազգային ատելության շարժառիթով կազմակերպված խմբի կողմից սպանություն կատարելու համար:
Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության դատարանի` 2014թ. դեկտեմբերի 29-ի դատավճռով` Դիլհամ Ասկերովը դատապարտվեց ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման: