Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության իրավունքների հասցեագրումը մշտապես պետք է լինի միջազգային հանրության ուշադրության ներքո, և այս ուղղությամբ անհրաժեշտ են հստակ քայլեր այնպիսի կազմակերպության կողմից, ինչպիսին Եվրոպական միությունն է։
«Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ չնայած ներկայումս գլոբալ այլ հակամարտությունների, որոնց վրա սևեռված է քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ուշադրությունը (Ուկրաինա, իսրայելա-պաղեստինյան- հեղ.), չպետք է անտեսվեն Լեռնային Ղարաբաղում ընդամենը վեց ամիս առաջ տեղի ունեցած ցավալի դեպքերը:
«Անմեղ քաղաքացիների ողբերգական վիճակը և տառապանքը պահանջում են անհապաղ ուշադրություն և քայլեր միջազգային հանրությունից, հատկապես այնպիսի կազմակերպություններից, ինչպիսին Եվրոպական միությունն է»,- շեշտեց նա:
Ինյարիտուի դիտարկմամբ՝ միջազգային հանրության միջամտության հրատապ անհրաժեշտություն կա՝ ապահովելու հարյուր հազարից ավելի տեղահանված արցախահայերի իրավունքներն ու անվտանգությունը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ խուսափելով բռնությունից և հալածանքներից:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ հայ ազգի նորագույն պատմությունը նշանավորվում է հազարամյակներ շարունակ այդ հողերում (ԼՂ-ում-հեղ.) բնակվելով, որը, սակայն, տվյալ պարագայում, Ադրբեջանի զավթողական քաղաքականության հետևանքով՝ մնաց առանց հայերի։
«Վերջին տարիներին մենք ականատեսը եղանք ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացվող էթնիկ զտումների արագ արշավի, որի նախնական փուլը ծավալվեց 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմի ընթացքում՝ Թուրքիայի աջակցությամբ։ Դրան հաջորդեց բռնության երկրորդ ալիքը՝ 2023 թվականի սեպտեմբերին», - նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այդ իրադարձությունները, ցավալիորեն, հանգեցրին հայ բնակչության իսպառ անհետացմանն իրենց նախնիների հայրենիքից։
«Որպես եվրոպացիներ՝ հաճախ ինքներս մեզ հռչակում ենք որպես մարդու իրավունքների պաշտպաններ: Այժմ ժամանակն է՝ ցույց տալու այս հանձնառությունը հստակ գործողություններով, այլ ոչ թե անորոշ քաղաքական հռետորաբանությամբ: Հրամայական է, որ մենք վճռական քայլեր ձեռնարկենք այս հումանիտար ճգնաժամը հաղթահարելու և մարդու իրավունքների պաշտպանության մեր սկզբունքները պահպանելու համար»,- եզրափակեց Ջոն Ինյարիտուն: