կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-06 22:45
Տնտեսական

«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր

«Ինժեներական քաղաքը» կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևանի Ջրվեժ թաղամաս. հենց այստեղ է նախատեսվում իրականացնել ՏՏ ոլորտի ամենախոստումնալից նախագծերից մեկը` «Ինժեներական քաղաքը»։

Տարածքում արդեն պատրաստ են և գործում են երկու թանգարաններ, գրադարան, գրեթե ավարտին է հասցվում ինժեներական ընկերությունների համար նախատեսված գրասենյակային շենքի շինարարությունը։

Կատարված աշխատանքը և ապագա ծրագրերը նախարարին ներկայացրեց «Նեյշնլ Ինսթրումենթս Հայաստան» ընկերության ղեկավար Արամ Սալաթյանը։

Տիեզերքի թանգարանում բացառիկ նմուշներ են։ 1962-ին արձակված «K2» հրթիռային աստղադիտարանի վայրէջքային հատվածը, մի դետալ «Միր» հրթիռից, հայտնի ու ականավոր հայ գիտնականնների լուսանկարներ, կենսագրականներ, այն ամենը, ինչ հայ անունը կապում է տիեզերքի բացահայտման դժվարագույն գործին։

Այստեղից տպավորված են հեռանում անգամ անվանի տիեզերագնացներն ու աստղագետները` չմոռանալով պատին թողնել իրենց հիացմունքի խոսքերն ու ստորագրությունը։

Մյուսը Գիտության ու տեխնիկայի թանգարանն է։ Մուտքի մոտ հյուրերին դիմավորում է հայկական արտադրության առաջին և միակ մեքենան`70-ականների «Երազը»։

Խորհրդային միության Սիլիկոնյան հովտի` Խորհրդային Հայաստանի ինժեներական և գիտական ներուժն ամփոփված է Գիտության ու տեխնիկայի թանգարանի այս նմուշներում ու լուսանկարներում, որոնք կարճ ժամանակում մեկիկ-մեկիկ հավաքվել են հանրապետության բոլոր մարզերից, մեծ ու փոքր քաղաքներից ու գյուղերից։

Կենցաղային իրեր, չափիչ սարքեր, «Կռունկ» մակնիշի կիթառների նմուշներ... բոլորն էլ՝ արտադրված Հայաստանում։

Թանգարանի նմուշների կողքին կարելի է գտնել հայկական արտադրության էլեկտրական մեքենայի նախատիպը ներկայացնող լուսանկարներ։ Առաջադեմ աշխարհում այսօր նորաձև էլեկտրական մեքենայի գաղափարը հայ ինժեներները մտահղացել են դեռևս 70-ականներին։

Այստեղ նաև հայ ականավոր գիտնականների, գյուտարարների դիմապատկերներն են։ Արամ Սալաթյանը նշեց, որ թանգարանի մեծ մասը նվիրված է Հայաստանի ինժեներության փառավոր անցյալին: Որպեսզի պատկերն ամբողջական լինի, մի փոքր անկյուն էլ այսօրվա ինժեներական ընկերություններին է հատկացվել։

Նախարար Վահան Մարտիրոսյանը թանգարանի այցելուների մատյանում գրառում կատարեց` խոստանալով մասնակցել նմուշների համալրմանը։

«Ինժեներական քաղաք» նախագիծը դեռ առջևում է։ Նախատեսվում է ստեղծել մի էկոմիջավայր, որտեղ ինժեներական ընկերությունները կարարեն նոր գաղափարներ, իրենցից երիտասարդներին կօգնեն սովորել ու փորձ ձեռք բերել և կվերականգնեն Հայաստանի գիտատեխնիկական համբավն ամբողջ աշխարհում։