կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-01 19:38
Տնտեսական

Գյուղոլորտը Հայաստանում մեծ ապագա ունի. վարչապետ

Գյուղոլորտը Հայաստանում մեծ ապագա ունի. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ ցուցաբերում է մաքսիմալ գործընկերային վերաբերմունք և ներկայացրել այն ծրագրերը, որոնք իրականացնում կամ նախատեսում է իրականացնել գործադիրը: Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ կառավարության սուբսիդավորմամբ գյուղտեխնիկայի ձեռք բերման լիզինգային ծրագրի, ինտենսիվ այգու հիմնման, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային համակարգերի ներդման վարկերը տրամադրվում են 2 տոկոս տոկոսադրույքով:

«Մենք բարձրացրել ենք տրամադրվող գյուղատնտեսական վարկերի շեմը՝ սահմանելով 3-10 մլն դրամ, որոնց տոկոսադրույքները սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների շահառուների համար կազմում են 3 տոկոս, իսկ մյուս տարածաշրջանների ներկայացուցիչների համար՝ 5 տոկոս: Մթերման համար յուրաքանչյուր մթերողին տրամադրում ենք մինչև 150 մլն դրամի դրամային վարկ՝ 3 տոկոս տոկոսադրույքով: Վերամշակող ձեռնարկությունների համար գազի գինը նվազեցվել է 40 տոկոսով: Ես շատ այլ կառավարություններ չգիտեմ, որոնք այսքան թե՛ ֆինանսական, թե՛ այլ տեսակի աջակցություն են ցույց տալիս գյուղոլորտին: Այս ծրագրերն իրականացնում ենք, որովհետև համոզված ենք՝ ոլորտը Հայաստանում ունի մեծ ապագա և մենք ցանկանում ենք ոգևորել մեր գործընկերներին, որպեսզի տնտեսվարողներն ավելի արդյունավետ բիզնես կառուցեն, շահութաբեր լինեն, փոխվի այն կարգավիճակը, որն այսօր կա: Այսօր ձեզնից ակնկալում ենք նմանատիպ գործընկերային վերաբերմունք, որովհետև մենք իրականում համարում ենք, որ ձեր բիզնեսի զարգացման համար այսօրվա մեր կարողություններից ավելի քայլեր ենք իրականացնում», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը զեկուցել է մթերման գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարի տեղեկացմամբ, նախորդ տարվա ընթացքում ընկերություները մթերել են շուրջ 110 հազար տոննա խաղող, իսկ այս տարի, նախնական տվյալներով, կանխատեսվում է 141 հազար տոննա խաղողի մթերում: Միաժամանակ, Իգնատի Առաքելյանը նշել է, որ ըստ մասնագետների վերլուծության, խաղողի ընդհանուր բերքը 2017 թվականին նախորդ տարվա համեմատ քիչ է լինելու 10 տոկսով՝ ցուրտ ձմռան ու այգեթաղ չկատարելու պատճառով:

Նախարարը հորդորել է մթերող կազմակերպությունների ներկայացուցիչներին գործընթացի մեկնարկից առաջ կանոնակարգել արտադրությունն ու պայմանագրեր կնքել գյուղացիական տնտեսությունների հետ՝ խնդիրներից զերծ մնալու նպատակով: Ըստ Իգնատի Առաքելյանի՝ ընթացիկ տարում արդեն իսկ արձանագրվել է կոնյակի արտահանման մոտ 30 տոկոս աճ: 

Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները: Տնտեսվարողները ողջունել են գյուղոլորտում կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նրանք ընդգծել են նաև Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ դրական փոփոխությունները և բիզնեսի ազատության աստիճանի բարձրացման փաստը, կարևորել մթերման նպատակով տրամադրվող վարկերի շեմի բարձրացումը: 

Վարչապետը նաև շեշտել է, որ առաջին հերթին պետությունն է շահագրգռված հայկական գինու և կոնյակի բրենդը բարձրացնելու հարցում: «Մենք նստելու ենք, շատ բաց խոսենք՝ այս կամ այլ քայլն անելով, ինչ հետևանք ենք ունենալու: Երբ համոզվենք, որ ցնցումներ չենք առաջացնելու այս ոլորտում, շատ համարձակ գնալու ենք առաջ: Սա է խնդիրը՝ ցնցումներ չլինեն, ռիսկեր ու շուկաների կորուստներ չլինեն, գյուղացուն չանհանգստացնենք, մթերողին էլ չնեղացնենք», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: 

Հանդիպմանը քննարկվել են նաև խաղողի այգիների ավելացմանը, գինեգործության ու կոնյակագործության խթանմանը, արտահանման ծավալների հետագա ավելացմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող այլ հարցեր: