Արծրուն Պեպանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բնապահպանության նախարարին առավոտյան իր աշխատասենյակում տեսա հոգնած: Երեք օր շարունակ հրդեհների վայրում էր եղել, անձամբ էր 30 կգ-անոց ջուր փչող սարքն ուսել ու կրակ մարել: Այդ օրն էլի պիտի գնար:
- Գիտե՞ս ինչն է վհատեցնում,- ասաց:- Սարերի դժվար տարածքներում, կրակի միջով քայլերը այնքան չի ազդում վրադ, որքան այն, որ մեկ էլ նկատում ես, որ մեկ այլ վայրում, քեզանից բավականին հեռու, հանկարծ քամին կրակի մի քանի հարյուր մետրանոց նոր ճակատ է բացում, ուժգին հրդեհ, ու դու տխրությամբ զգում ես, որ որպես մարդ անզոր ես, քանի որ ուժեղ կրակին մոտենալ չի լինում, մյուս կողմից էլ մարդկանց մոտ եղած ջուրը սպառվել է, իսկ ճանապարհի սաստիկ զառիվերության պատճառով նորից ջուր բարձրացնելը բավականին դժվար է ու այնքան ժամանակատար, որ մինչ մեքենաներն իջնեն- բարձրանան, կրակն արդեն մեծ չափերով տարածված կլինի:
Երբ շատերի նման համակարգչի մոտից էի հետևում հրդեհի մարման աշխատանքներին, կրակի դեմն առնելու տարբեր առաջարկներ ունեի: Բայց այսօր ամբողջ օրն այնտեղ լինելով, հասկացա, որ ուտոպիաների մեջ եմ եղել: Դեպի հրդեհի վայր տանող ճանապարհը սոսկալի վատն էր, քարքարոտ, ահավոր զառիվեր, այնքան, որ ամենագնաց մեքենաները դժվարությամբ էին բարձրանում:
Հինգ մարդ ու 100 լիտր ջուր բեռով մի կերպ, ամեն վայրկյան ձորը գահավիժելու վտանգի տակ, մեծ դժվարությամբ մոտեցանք այրվող հատվածին: Զարմանալի մի դեպքի պատահեցինք. մի տեղ խոտն ու ծառերն այրվում էին, սակայն ավելի քան 100 մետր տարածության վրա կրակի օջախ չկար, որպեսզի կրակն այնտեղից տարածված լիներ: Թե ինչպես էր այդ մի հրդեհն առաջացել, անհասկանալի էր: Մի քանի օր շարունակ հրդեհ մարողներից տեղեկացանք, որ իրենք էլ են նման երևույթի ականատես եղել, ու կրակը, պատահել է, իրենց թիկունքում է սկսվել, որտեղ հրդեհի օջախ չի եղել: Պատահել է, որ այդ երևույթի պատճառով հրդեհի շրջափակման մեջ են եղել:
Մեծ ջանքերով կրակի այդ նոր օջախը վերացրինք: Մեր ունեցած ջուրը սպառվեց: Գետակը բավականին հեռու էր, ձոր իջնել, նորից ջուր բերելուն խանգարում էր և այն, որ ճանապարհը նեղ էր և իջնող-բարձրացող մեքենաները եթե պատահում էին իրար, ապա խցանում էր առաջանում, շատ դեպքերում սաստիկ զառիվայրի վրա:
Իսկ կրակը քամուց բորբոքված՝ տարածվում էր: Ցավով նայում էինք, թե ինչպես է արգելոցի տարածքն այս ու այնտեղ սկսում բոցավառվել, իսկ տեղանքը մեծ թեքություն ուներ, մեքենաներով մոտենալ ու ջուր հասցնել հնարավոր չէր: Որոշ տեղերում թեքությունն այնքան մեծ էր, որ մարդու համար անգամ դժվար կլիներ հասնել այնտեղ:
Ահա այդ տխուր հոգեվիճակում էինք, երբ սոսկալի ճարճատյունի ձայն հասավ: Այրված ծառերի միջից դուրս գալով բաց տարածք, տեսանք, թե ինչպես է քամին խիստ թեք լանջի վրա, 6-7 հարյուր մետր ճակատով բոցավառում գիհիների անտառը: Այդ ծառերն այրվում էին այնպես ուժգին, ասես դրանց վրա բենզին էին լցրել, հրդեհը եռահարկ տան բարձրությամբ՝ սողում էր առաջ: Ու կրակին նայելով՝ ապրում էիր նախարարի ասած այն անզորությունը:
Թե ինչու ծագեց Խոսրովի արգելոցի հրդեհը, դժվար է ասել, բայց և ակնհայտ դարձավ, որ տարածքի ռելիեֆը հաշվի առնելով՝ մենք, որպես պետություն, պիտի պատրաստ լինենք օդից նման հրդեհները մարելուն:
ՀԳ. Միայն դեպքի վայրում գտնվողը կարող է պատկերացնել, թե որքան դժվար էր այնտեղ»: