կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-03 10:51
Հասարակություն

«Բոլորս պիտի պատրաստ լինենք Աղբիւր Սերոբ ու Սօսէ դառնալու»․ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնն օգոստոսի 9-13-ը բանակում է կազմակերպելու

«Բոլորս պիտի պատրաստ լինենք Աղբիւր Սերոբ ու Սօսէ դառնալու»․ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնն օգոստոսի 9-13-ը բանակում է կազմակերպելու

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնն օգոստոսի 9-13-ը Սևանի ափին՝ Շորժայում, բանակում է կազմակերպելու։ Արդեն աւանդական դարձած ամենամեայ բանակման ընթացքում երիտասարդների մէջ ամրանում ու արմատանում է ագգային գաղափարախօսութիւնը, տեղեկութիւններ են ներկայացւում «Դաշնակցութեան» ուղեգծի ու անցած ճանապարհի մասին։

Այս տարուայ բանակումը, սակայն, իր բովանդակութեամբ տարբերուելու է նախորդներից․ 44-օրեայ պատերազմից յետոյ շատ բան է փոխուել․․․ Արցախի մեծ մասի կորուստը, մեր քաջերի նահատակութիւնը, հայրենիքի՝ փաստացի վտանգուած լինելը, կորստի ցաւն ու մորմոքը փոխել են մեր կեանքը, բայց պայքարի տենչը չի սառել հայրենիքով ապրող հայերի մէջ։ Հիմա ուժ գտնելու, ոտքի կանգելու ու պայքարի ջիղն աւելի պիրկ դարձնելու ժամանակն է․ բանակումն օգնում է այս հարցում։

Բանակման հետ կապուած մանրամասների վերաբերեալ «Հորիզոն»-ի թղթակիցը զրուցել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան վարչութեան ներկայացուցիչ Հայկազ Յարութիւնեանի հետ։ Յիշեցնենք՝ Հայկազը Արցախեան 44-օրեայ պատերազմի մասնակից է։ Նա որպէս բժիշկ ու զինուոր՝ պայքարել է յանուն հայրենիքի։ Լաւագոյնս հասկանալով մեր պայքարի արժէքն ու ամէն րոպէ մաքառումի պատրաստ լինելու անհրաժեշտութիւնը՝ Հայկազն ընդգծեց՝ բանակման ընթացքում մասնակիցները ստանալու են նաև ռազմական գիտելիքներ, կոփուելու են, որպէսզի անհրաժեշտութեան դէպքում կարողանան պայքար մղել յանուն հայրենիքի։

«ՀՅԴ-ն, ինչպէս միշտ, գործում է յանուն հայ տեսակի, Հայաստանի և երիտասարդութեան շրջանում ազգային գաղափարախօսութեան տարածման։ Հենց այս ուղղութեամբ էլ շարժուելու ենք։ Բանակմանը ներկայ են լինելու կուսակցական երիտասարդներ, հրաւիրեալ անձինք, գաղափարակից և գաղափարին հարող անձինք։ Չենք խոստանում, որ բոլոր ցանկացողներին կը կարողանանք ընդգրկել, քանի որ տեղերի որոշակի սահմանափակում կայ, սական կը փորձենք մեր հնարաւորութիւների առաւելագոյնի սահմաններում մեզ դիմողներին ներգրաւել բանակմանը», — նշեց Հայկազը։

Բնականաբար, բանակումն ունենալու է յատուկ, հետաքրքիր օրակարգ։ Հայկազը յիշեցրեց՝ բանակման ընթացքում լինելու են կարգապահական կանոններ, ինչպէս բանակում։

«Առաւօտեան լինելու է մարմնամարզութիւն, ապա լինելու են ակտիւ մարզական ու ռազմական վարժանքներ, դասախօսութիւններ։ Դասախօսութիւնը վարելու են հրաւիրեալ անձինք, որոնք խօսելու են արդիական թեմաների մասին՝ ներքին ու արտաքին քաղաքականութիւն, Արցախ, անձնական զարգացմանն ուղղուած հմտութիւններ․․․ Բանակման բոլոր օրերը հետաքրքիր ու տպաւորիչ են լինում և հետագայում բանակման մասնակիցների յիշողութիւններում տպաւորւում են որպէս յիշարժան պահեր։ Բանակման ընթացքում ունենալու ենք նաև արշաւ, հետաքրքիր ու լեցուն առօրեայ», — պատմեց Հայկազը։

Նա ընդգծեց՝ այս բանակման ընթացքում դասախօսութիւնների ու քննարկումների առանցքում յատուկ ուշադրութիւն է կենտրոնացուելու Արցախի հարցի վրայ։

«Շատ կարևոր է, որպէսզի ցանկացած հայ Արցախի խնդրի լուծման հետ կապուած՝ ունենայ իր տեսլականն ու պայքարի դրա համար։ Այդ պայքարի ոգին փարձելու ենք ամրացնել այս բանակման ընթացքում։ Ցանկացած երիտասարդի չպէտք է անծանօթ մնայ վառօդի հոտը։ Ցանկացած մարդ պէտք է կարողանայ զէնք բռնել, նշանառութեան տակ առնել թիրախը, ու ինչո՞ւ ոչ, ըստ անհրաժեշտութեան՝ հարուածել նշանակէտին», — շեշտեց Հայկազը։

Բնականաբար, բանակմանը մասնակցելու են նաև աղջիկներ, որոնց գոնէ մի մասը կարող է ռազմական մակերեսային գիտելիքներ ունենալ։ Հայկազը յիշեցրեց մեր էպոսից յայտնի տողերը․ «Առիւծն առիւծ է՝ էղնի էգ, թէ որձ», ապա շեշտեց՝ «Դաշնակցութեան» մէջ այս գաղափարն արմատացած է, հետևաբար՝ ըստ անհրաժեշտութեան՝ բոլորս պիտի պատրաստ լինենք Աղբիւր Սերոբ ու Սօսէ դառնալու։