կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-13 22:31
Հասարակություն

Տավուշի մարզում կյանքի կոչվեց 100-րդ ջերմոցային տնտեսությունը

Տավուշի մարզում կյանքի կոչվեց 100-րդ ջերմոցային տնտեսությունը

 Տավուշի մարզի Դիտավան համայնքում արգենտինահայերի ֆինանսավորմամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով կյանքի կոչվեց մարզում կառուցված 100-րդ ջերմոցը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, համայնքի արգենտինահայ բարերարները, հյուրեր, դիտավանցիներ:

Արարողությունն սկսվեց Օրհնության կարգով, որը մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Ներկաներին ողջունեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մարզպետը բարձր գնահատեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը սահմանամերձ Տավուշի մարզում, որի միջոցով տասնյակ ջերմոցներ են կառուցվել մարզի բազմաթիվ համայնքներում: Ելույթով հանդես եկավ նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Նշվեց, որ 2007 թվականից ի վեր «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզում իրականացնում է գյուղական զարգացմանն ուղղված բազմակողմանի և նորարարական ծրագիր, որը խթանում է ոչ միայն ենթակառուցվածքների զարգացումը, այլև նախատեսում է թեթևացնել գյուղացիների հոգսերը հատկապես Հայաստանի սահմանամերձ գյուղերում:

Ծրագիրը նպատակ ունի ապահովել փոքր գյուղացիական տնտեսությունների կայուն զարգացում` միաժամանակ ստեղծելով նոր աշխատատեղեր: Ծրագրի իրականացմանն աջակցում են բարերարներ Կալչիէան ընտանիքը, Բալյան ընտանիքը, Դեվէճիէան ընտանիքը, Էքսերխճիէան ընտանիքը, Քիրքոր Շիմշիրօղլուն, Ավստրալիայի տեղական մարմինը:

Դիտավան համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանը ողջույնի իր խոսքում ասաց. «Ջերմոցային տնտեսության ներդրումը, ինչ խոսք, մեծ ոգևորություն է առաջացրել բոլորիս մոտ, ոգևորություն՝ հող մշակելու, հողից արարելու մեր պապենական սովորույթին…»: Իրադարձության առթիվ խոսք ասացին նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, արգենտինահայ բարերար Պողոս Էքսէրճիէանը:

Իր երախտագիտությունը բարերարներին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին արտահայտեց 100-րդ ջերմոցային տնտեսության շահառու Մարինե Մեսրոպյանը, ում ընտանիքը բաղկացած է 5 անդամից:

Ընտանիքը ջերմոցը նվեր ստանալուն զուգահեռ հողագործության դաընթացներ է անցել փորձ ունեցող ջերմոցապահների՝ այն ընտանիքների մոտ, որոնք իրենց ջերմոցը գործարկում են արդեն երրորդ տարին։

Նորակառույց ջերմոցի մուտքի ժապավենը կտրեցին բարերարներ Պողոս Էքսէրճիէանը, Նշան Դեվէճիէանը, Քիրքոր Շիմշիրօղլուն և Դիտավան համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանը: