կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-04 14:15
Քաղաքական

130 հազար քաղաքացու խնդրի լուծում. Շարմազանովը՝ Սեւանից ջուր բաց թողնելու մասին

130 հազար քաղաքացու խնդրի լուծում. Շարմազանովը՝ Սեւանից ջուր բաց թողնելու մասին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բնական է համարում, որ ԱԺ դահլիճում կան տարբեր կարծիքներ: «Բայց համարում եմ, որ այդ կարծիքները մտահոգ պատգամավորների, մարդկանց կարծիքներ են»,- իր արտահերթ ելույթում ասաց նա՝ խոսելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի մասին:

Շարմազանովն ընդգծեց՝ եկել, հասել ենք մի հանգրվանի, որտեղ Սևանի էկոհամակարգը մի կողմում է, ոռոգման խնդիրը, ժողովրդի առջև ծառացած խնդիրները, որոնք օպերատիվ լուծման կարիք ունեն, մյուս կողմում: Ապա նա հարցրեց. «Սևանա լիճը ազգային հարստությո՞ւն է, թե՞ ոչ: Միանշանակ՝ այո: Մենք պե՞տք է հոգ տանենք Սևանի մասին, իհարկե՝ այո: Մենք քայլեր ձեռնարկե՞լ ենք դրա համար, թե՞ ոչ: Այստեղ կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ: 2007թ.-ին Սևանի մակարդակը եղել է 1898 մ 24 սմ, 2017թ.-ին՝ 1900 մ 41 սմ: Կարծիքները, որ իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկել, բավարար ուշադրություն չի դարձրել Սևանի էկոհամակարգին, Սևանի հիմնախնդիրներին, իրականությանը չի համապատասխանում: 1.5 մ-ի տարբերություն չկա: Այնպես չէ, որ այս 10 տարիների ընթացքում որևէ բան չենք արել ու եկել ենք հիմա Սևանի հաշվին գյուղացիների համար ոռոգում ենք անում»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Ինչ վերաբերում է նրան, որ նախօրոք պետք էր հանրային քննարկում իրականացնել, ԱԺ լսումներ անցկացնել, նա ասաց, որ իրատեսական չէր դա, որովհետև նախ` 5-րդ գումարման ԱԺ-ն ավարտում էր իր աշխատանքները, իշխանություններն ու ընդդիմությունը զբաղված էին նախընտրական պայքարով, իսկ 6-րդ գումարման ԱԺ-ի իրավունքները նոր են մտել ուժի մեջ: Շարմազանովը հիշեցրեց. «Խորհրդարանն ունի վերահսկողական ֆունկցիա, և սիրելի' կառավարություն, այո, ամեն Աստծո օր, դուք պետք է գաք, հաշվետվություն տաք իշխանությանն էլ, ընդդիմությանն էլ: Մեզ ընտրել են, որ ձեզ նաև վերահսկենք, այստեղ որևէ վիրավորական բան չկա»:

Նա նշեց, որ խոսքը 130 հազար գյուղացու մասին է, և նրանք առանց ջրի կմնան, եթե խորհրդարանը կողմ չքվեարկի օրենքի նախագծին: «Սա կատաստրոֆիկ է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մենք պետք է պարզ ճակատով մտնենք, այդ գյուղացիներին ասենք, որ գիտե՞ք՝ ինչ կա, որպեսզի Սևանի մակարդակը մի քանի սանտիմետր ավելի լիներ, մենք ձեզ ոռոգման ջուր չտվեցինք, որ դուք վարկեր ավելի շատ վերցնեք, ձեր երեխաների ուսման վարձը չկարողանաք վճարել, ձեր ծնողների հոգատվության ծախսերը չկարողանաք ծախսել: 40 հազար հեկտար հողը չորանա՞»,- ասաց Շարմազանովը:

Ըստ նրա՝ ընտրությունը վատի ու վատագույնի միջև չէ, սա անհրաժեշտ ընտրություն է: «Սևանը մեր ազգային հարստությունն է, բայց Սևանը նաև նրա համար է, որ մենք մի կողմից հոգ տանենք Սևանի մասին, էկոհամակարգի մասին, որ մակարդակը բարձրանա, բայց մյուս կողմից, եթե լինում է սակավաջրության տարի, մենք օգտագործենք Սևանը՝ մեր քաղաքացիների պահանջները հոգալու համար»,- ասաց Շարմազանովը:

Նա հորդորեց կողմ քվեարկել նախագծին՝ նշելով, որ սա օպերատիվ դրական լուծում է 130 հազար քաղաքացիների խնդիրների համար: