կարևոր
5938 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-11 16:01
Քաղաքական

Ցանքատարածությունները նվազել են, բա ինչո՞ւ ենք Սևանից ավել ջուր վերցնում. Արթուր Խաչատրյան

«Անկեղծորեն տարակուսած եմ, թե ինչու այստեղ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը չկա, որպեսզի բացատրի, թե մեր գյուղատնտեսության մեջ այդ ի՞նչ արմատական փոփոխություններ են եղել, որ ներկայում ջրի ավել պահանջարկ է առաջացել»,-խորհրդարանի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա հայտարարեց, որ կառավարությունը Սևանից ջրի լրացուցիչ բացթողնման համար հիմնավորումները թերի է ներկայացրել, չի նշել, թե ինչքա՞ն տեղումներ է եղել այս տարի, ջերմաստիճանը նանխորդ տարիների համեմատ քանի՞ աստիճանով է բարձրացել, մինչև ոռոգման սեզոնը Սևանից որքա՞ն ջուր է բաց թողնվել:

Խաչատրյանը հայտնեց, որ ԿԲ-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանում պարենային գներն ավելացել են, քանի որ ցանքատարածությունները նվազել են:

«Ցանքատարածությունները նվազել են, մյուս երևույթների մասին տեղեկություն չունենք, բա ինչո՞ւ ենք Սևանից ավել ջուր վերցնում: Արցախ էլէկտրաէներգիա չի գնում, ըստ կառավարության՝ արևային համակարգեր են ներդրվել և ոռոգման համակարգն արդիականացվում է»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և տարակուսեց, թե այդ դեպքում ինչո՞ւ է լրացուցիչ 70 մլն մ³ ջուր վերցվում Սևանից:

Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ բյուջեով 22 մլրդ դրամ էր հատկացվել ջրամբարաշինությանը, բայց օգտագործվել է ընդամենը 9 մլրդա:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ լրացուցիչ ջրառը լրջորեն կհարվածի Սևանա լճի էկոհամակարգին և խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: