Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Նա նշեց, որ այսօրվա թեման լուրջ ծավալում է գտել այն հիմնավորումով, որ ոչ թե հարցն այն է` արդյո՞ք անհրաժեշտություն կա, որ ընդունվի 100 մլն խորանարդ ջուրը բաց թողնելու որոշումը, այլ այն՝ մինչև ե՞րբ, ինչքա՞ն պետք է շարունակվի նման հարցադրումներով հանդես գալու մեխանիզմը: «Ինչքա՞ն կարելի է, ե՞րբ են կանխվելու այս քայլերի հնարավորությունները»,- հարց հնչեցրեց պատգամավորը, ապա նշեց, որ Սևանի ջրի ցանկալի մակարդակին հասնելն ու պահպանելը ենթադրում է ոչ միայն ներհոսքի ապահովում՝ Արփա-Սևան ծրագրի ձևով, այլ նաև հնարավոր արտահոսքի կանխում: Նրա խոսքով՝ եթե այսօր Սևանից ջուր ենք բաց թողնելու և ջուրը պահելու ենք ջրամբարներում, որոնք արտահոսք ունեն, ապա միանգամից առաջանում է նման արտահոսքը կանխելու միջոցառումների անհրաժեշտություն:
«Պարոն Հարությունյանն իր ելույթում նշեց, որ մենք ունեցել ենք ջրամբար, որը 25 մլն խորանարդ մետր ջրի արտահոսք է ունեցել: Եթե 4 անգամ նման արտահոսք տեղի ունենա, ապա մենք կգանք այն 100 խորանարդ մետրին, որի մասին նման քննարկումներ են տեղի ունենում»,- ասաց պատգամավորը:
Կյուրեղյանին հետաքրքրում էին՝ ի՞նչ քայլեր են կատարվել արտահոսքերը կանխելու ուղղությամբ, արդյո՞ք ուսումնասիրվել են դրանք կանխելու հնարավորությունները, արդյո՞ք մեղավորները բացահայտվել ու պատժվել են: Ըստ նրա՝ նման հարցերն են, որ այսօր ժողովրդի մեջ վստահության բացակայություն են առաջացրել:
«4 անգամ կանխելով այդ 25 մլն արտահոսքը` կարող էինք այդպիսի խնդիր չունենալ: Պարզ է, որ ջրի բացթողումը անհրաժեշտություն է, այսօր մենք ունենք գյուղատնտեսության մեջ լուրջ խնդիրներ, բայց մյուս կողմից երկարաժամկետ ծրագրերում պետք է նման դեպքերի կանխման պատասխանատվության մեխանզիմների մշակման անհրաժեշտությունն առաջ քաշենք»,- ասաց նա, ապա հավելեց, որ, բացի այդ, զեկույցում նշվեց, որ 10 օրը մեկ հաշվետվություն պետք է ներկայացվի, եթե ավելի շատ քանակով ջուր է բաց թողնվելու:
Պատգամավորը նշեց, որ ցանկանում է հասկանալ` եթե տասնօրյակը մեկ թույլատրվում է բացատրություն տալ նախատեսվածից ավելի ջրօգտագործման համար, դա արդյո՞ք չի ենթադրում, որ արդեն թույլտվություն կա նախատեսվածից ավելին օգտագործելու: Նրա կարծիքով` ի սկզբանե թույլտվություն է եղել ավելին օգտագործելու համար: