կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-26 12:16
Քաղաքական

Ինչքա՞ն և մինչև ե՞րբ է հնարավոր պարտք վերցնել. Արմենուհի Կյուրեղյան

Ինչքա՞ն և մինչև ե՞րբ է հնարավոր պարտք վերցնել. Արմենուհի Կյուրեղյան

2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց պետական պարտքի աճից: «Ինչքա՞ն և մինչև ե՞րբ է հնարավոր պարտք վերցնել»,- հարցրեց նա:

Նախարարը նախ պարզաբանեց, որ բոլոր ներկայացված ցուցանիշները հարաբերական են, այսինքն՝ երբ խոսվում է պետական պարտքի մասին, պիտի համեմատական արվի ՀՆԱ-ի հետ: «Անվանական առումով` պարտքի մեծացումը խնդիր չէ. եթե քո եկամուտները չեն հերիքում, որ ծախսերդ կատարես, պիտի պարտք վերցնես»,- ասաց նախարարն ու հայտնեց՝ բավական շատ են պարտք ունեցող միջազգային ընկերությունները:

«Մենք շարունակելու ենք պարտք վերցնել»,- հայտարարեց նախարարը, սակայն հավելեց, որ, դրան զուգահեռ, իրենց խնդիրն է կամաց-կամաց կարգավորել այդ անվանական ցուցանիշը: «56.7%-ը պետք է կայունանա կամ նվազի, բայց, այո, պետք է որոշակի պարտք վերցնենք, որ տնտեսական աճ լինի, այսինքն՝ եթե ես կարողանում ես այնպես աշխատել, որ տնտեսական աճն ավելի լինի, քան պարտքը, պիտի պարտք վերցնեմ: Պարտք-ՀՆԱ ցուցանիշը պետք է կայունանա շնորհիվ ՀՆԱ-ի աճի: Հունաստանի ձախողումը չպիտի կրկնենք: Հունաստանը գնաց պարտքերի միանգամից կրճատման, աշխատողների զգալի մասն աշխատում էր պետական հատվածում, առանց ռեֆորմի անելու` գնաց պարտքի կտրուկ կրճատման, ու սա ավելի խորացրեց իրավիճակը: Ճիշտ քաղաքականությունը պարտք վերցնելն է, շեշտադրումը կապիտալ ծախսերի վրա պետք է լինի, ընթացիկ ծախսերն էլ պիտի վերաիմաստավորել»,- եզրափակեց Վարդան Արամյանը: