կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-03 11:27
Հասարակություն

Դասագրքերի բովանդակությունը կփոխվի. ԿԳՆ-ն ծրագրեր է նախապատրաստում

Դասագրքերի բովանդակությունը կփոխվի. ԿԳՆ-ն ծրագրեր է նախապատրաստում

 ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ զեկույցով հանդես եկավ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը նախարարին ասաց, որ դպրոցներում ճիշտ դասագրքեր ունենալու խնդիր կա: Նա հետաքրքրվեց ԿԳ նախարարից, թե ի՞նչ տրամաբանությամբ պետք է ընտրվեն դասագիրք գրողները, որպեսզի դրանք արդյունավետ և որակյալ լինեն:

Նախարարը պատասխանեց, որ դասագրքերի որակի բարելավման համար նախատեսում են հայկական բուհերում ունենալ ծրագիր, որը կպատրաստի դասագիրք գրողներ: «Այս խնդիրը երկու եղանակով կարող է լուծվել: Հիմա դասագիրք գրելու համար ուզում ենք մասնագետներ ունենալ, այսինքն՝ համալսարանում դնենք մաստեր-ծրագիր՝ ինչպես գրել դասագիրք: Երկրորդ՝ եվրոպական դասագրքերն ադապտացնենք և փորձենք ներմուծել այստեղ»,- ասաց նա:

Մկրտչյանն ընդգծեց, որ «Արարատյան բակալավրիատի» ծրագրով նման գրքեր կան, բայց դրանք տեղայնացնելու խնդիր կա, ինչպես նաև անհրաժեշտ է վերապատրաստել ուսուցիչներին, որպեսզի նրանք կարողանան դասավանդել դրանցով:

ՀՀ ԱԺ գիտութան, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը չհամաձայնեց այս մտքի հետ՝ պնդելով, որ ավելի նախընտրելի է սովետական դասագրքերն ուսումնասիրել, իսկ նախարարն էլ հակադարձեց. «Այդ գրքերը Ռուսաստանում էլ են կորել: Դրանք 30 տարի առաջվա գրքեր են, պետք է տեղայնացնել»:

Կարեն Ավագյանը նաև առաջարկեց բյուջեից միջոցներ տրամադրել և պայքարել մասնավոր ՍՊԸ-ների կողմից բացվող բուհերի դեմ, որպեսզի վերջերս արձանագրված դեպքը՝ Հայաստանում բժշկական կրթություն ստացած և երկրում աշխատող ատամնաբույժների դեմ Իսրայելի բողոքը, չկրկնվի:

Լևոն Մկրտչյանը համաձայնեց, որ անհրաժեշտ է խիստ վերաբերվել նման ՍՊԸ-ներին տրվող լիցենզիաներին՝ ընդգծելով, որ այդ կապակցությամբ ներկայումս քրեական գործեր կան, ու դրանց հիման վրա քայլեր կձեռնարկվեն: