կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-15 16:44
Հասարակություն

2014-ին կիրառության մեջ մտնող դասագրքերի փորձարկումն արդեն սկսվել է

2014-ին կիրառության մեջ մտնող դասագրքերի փորձարկումն արդեն սկսվել է

2014թ. սեպտեմբերին կիրառության մեջ մտնող դասագրքերից 36-ի փորձարկման շրջանն արդեն սկսված է. 2013-ի նոյեմբերից մինչեւ 2014-ի ապրիլը ուսուցիչները հնարավորություն կունենան փորձարկելու հաջորդ ուսումնական տարվա համար նախատեսված դասագրքերը:

 

Կրթության ազգային ինստիտուտի /ԿԱԻ/ տնօրեն Նորայր Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր դասագիրք փորձարկվում է առնվազն հինգ դպրոցում: Ըստ նրա` ինստիտուտը փորձարկում է դասագրքերը, նախքան ԿԳՆ-ն կհաստատի դրանք:

 

Ղուկասյանի տեղեկացմամբ` դասագրքերը փորձարկվում են դպրոցներում` ուսուցիչների օգնությամբ, իսկ դպրոցի տնօրենները ստույգ պարտավորություններ են ունենում` փորձարկման շրջանի ավարտից հետո դասագիրքը ներկայացնել ԿԱԻ` ուսուցիչների արված դիտողությունների եւ առաջարկությունների հետ մեկտեղ:

 

«Իսկ թե ինչու են ուսուցիչները սկսում բողոքել գրքերի բովանդակությունից դրանց հրատարակումից հետո, չգիտենք, չէ՞ որ նրանց հնարավորություն է տրված 6 ամիս դրանք ուսումնասիրելու եւ իրենց դժգոհությունների մասին մեզ տեղյակ պահելու: Ստացվում է` ուսուցիչները բողոքում են չորս տարով անշտկելիի մասին»,- ասաց ԿԱԻ-ի տնօրենը:

 

Նրա տեղեկացմամբ` դպրոցներում դասագրքերի փորձարկման վերահսկողությունն իրականացնում է դպրոցի փոխտնօրենը: Նաեւ խոստովանեց, որ անցած տարի 91 դպրոցներում իրականացված փորձարկումներից հետո միայն 10-12 կարծիք է հաշվի առնվել: