կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-26 12:33
Քաղաքական

ԵԱՏՄ-ից օգուտների հաշվարկները կյանքի կկոչվեին, եթե 2015-ի ճգնաժամը չլիներ. Վարդան Արամյան

ԵԱՏՄ-ից օգուտների հաշվարկները կյանքի կկոչվեին, եթե 2015-ի ճգնաժամը չլիներ. Վարդան Արամյան

Ազգային ժողովում 2016 թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց՝ ԵԱՏՄ անդամակցությունն ի՞նչ տվեց իրականում, և ի՞նչ կշահեր Հայաստանը կամ կկորցներ, եթե ԵԱՏՄ-ին չանդամակցեր:

Վարդան Արամյանը նշեց, որ անդամակցությունից ակնկալվող դրական հաշվարկները կյանքի կկոչվեին, եթե 2015թ. ճգնաժամը չլիներ: «2015-ին անկում է եղել, և դա խառնում է պատկերը. հաշվարկները եղել են, եթե այդ տնտեսական շոկը չլիներ, գոյություն ունեցող հաշվարկները կյանքի կկոչվեին»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ պետք է դիտարկել, թե ոչ առևտրային սահմանափակումներն ինչ ազդեցություն են տվել: «Այսինքն՝ պետք է նայենք արտահանման կառուցվածքին. ՀՀ-ից ԵՄ արտահանումը ավելի շատ է, բայց այդ արտահանման 92%-ը հումքային ապրանք է, հիմնականում` պղինձ, մնացածը միայն պատրաստի արտադրանք է: Իսկ ԵԱՏՄ, մանավանդ` ՌԴ արտահանվում է պատրաստի արտադրանքի գերակշիռ մասը, և ՌԴ է գնում արտահանման 92%-ը` պատրաստի արտադրանք»,- ասաց նա:

Վարդան Արամյանը նշեց, որ համապատասխան գործիքակազմով վերլուծություն է կատարվել Համաշխարհային բանկի հետ, ըստ որի՝ ՀՀ-ում տնտեսական լրացուցիչ էֆեկտը, եթե ԵԱՏՄ ենք մտնում, լինում է 2,2%, որից 1,4%-ը գալիս է գազի սակագնից, իսկ դա նշանակում է, որ տարեկան 140 մլն դոլար մենք դուրս չենք հանում երկրից, արտարժույթ չի հոսում դուրս»,- ասաց նա:

Արտահանման  մյուս խոչընդոտների վերացումից, ըստ նրա, 0,4 տոկոսային կետ լրացուցիչ հավելումներ ենք ունեցել: «Այլ հավասար պայմաններում մաքսատուրքը 2014-ին հավաքել են 48 մլրդ, 2015-ին ունեցել ենք 18-19 մլրդ-ից ավելի մաքսատուրք, այն դեպքում` երբ միջին մաքսատուրքի տոկոսը չի աճել, որովհետև բանակցել ենք և 752 տեսակի ապրանքատեսակների կայուն գին ունեցել` որ չպետք է առաջիկա 5 տարիներին աճեն»,- ասաց Արամյանը:

Նախարարը կրկնեց, որ 2015-ի ճգնաժամը փոխեց պատկերը, թեև, ըստ նրա, եթե նույնիսկ ԵԱՏՄ-ին անդամակցած չլինեինք, 2015-ին կունենայինք ավելի խոր խնդիր, և 0,2% տնտեսական աճի փոխարեն ավելի ցածր աճ կլիներ: Ի դեպ, նախարարը նաև ասաց, որ 2016-ին 50%-ով աճել է արտահանումը: «Այսինքն` երբ կայունացավ ՌԴ-ի տնտեսությունը, սպառողները հարմարվեցին նոր խաղի կանոններին, աճ գրանցվեց, և այս տեսանկյունից` կարծում եմ, որ ունենք դրական էֆեկտներ ԵԱՏՄ-ի անդամակցությունից»,-եզրափակեց Արամյանը: