Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ժողովրդին պետք է հերոսի կոչում տալ, քանի որ խորհրդարանական ընտրություններին լսելով ֆանտաստիկ ելույթներ, ֆուտբոլային լեզվով ասած, իր վրա վերցրեց մրցավարի դերը և արձանագրեց` որտեղ եղավ խաղից դուրս վիճակ կամ խաղադաշտի որ մասում արձանագրվեց գոլ:
ԱԺ նիստին իր ելույթի ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ «գոլերի» մասին խոսել էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` նշելով, թե հիշում է, որ վարչապետը խոստացել էր գոլեր խփել, բայց հիմա միայն ինքնագոլեր ենք տեսնում:
Արփինե Հովհաննիսյանը նշեց նաև, որ կառավարության ծրագիրը քաղաքական, տնտեսական և իրավական փաստաթուղթ է` կախված նրանից, թե ով ինչ է ուզում տեսնել:
«Տրամաբանական է, որ եթե հինգ տարվա ծրագիր ենք ներկայացրել, ապա այն քաղաքական թիմի ծրագիր է, քանի որ խորհրդարանական ընտրություններին թե ՀՀԿ-ն և թե ՀՅԴ-ն գնացել են հինգ տարվա համար հայցելու վստահության քվե: Հինգ տարվա ծրագիրը ոչ թե ամբիցիոզ կամ համարձակ է, այլ շատ տրամաբանական ու օրինաչափ: Կարծում եմ` այստեղ կարևոր մի պնդում է պետք անել կառավարության ծրագրի վերաբերյալ դիրքորոշում ձևավորելիս, անչափ կարևոր է նախնական տրամադրվածությունը` տեսնելու ես դրույթներ, որոնք հիմք են տալու, որ կո՞ղմ, թե՞ դեմ քվեարկես»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ ՀՀ քաղաքացուն այս ծրագիրն այնքանով է հոգեհարազատ, որ նա կարող է ծրագրում տեսնել բազմաթիվ դրույթներ` իր կյանքի որակի բարելավմանը միտված, որոնք հիմք կտային իրեն կողմ քվերակել այս ծրագրին.
«Ինչի՞ն ենք մենք դեմ, որ ստեղծելու ենք էլեկտրոնային հարթակ և քաղաքացին այսուհետ չի վազվզելու այստեղից այնտեղ` հասկանալու, թե որ պետական մարմին պետք է դիմի: Էլեկտրոնային հարթակը ենթադրում է կոռուպցիոն ռիսկերի նվազում և նյարդերի պահպանում: Բացի այդ` շատ կարևոր է, որ ստեղծվի հիվանդանոցներում էլեկտրոնային գրանցման հարթակը, որ այդ կերպ հերթագրվեն, ոչ թե ծանոթ փնտրեն»:
Նա նշեց նաև, թե կոռուպցիայի մասին խոսելուց հաճախ բարձրաձայնում են հարկային և մաքսային ոլորտներում վարչարարության կրճատման մասին: Եվ, ըստ նրա, և եթե իրականում մինչև 2018-ի ավարտը այնպես, ինչպես նշված է կառավարության ծրագրում, բոլոր էլեկտրոնային հաշվարկներն ու փաստաթղթերը ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, սա նշանակում է` որակական տեղաշարժ, հարկային ծառայող-քաղաքացի շփման էական նվազեցում,ինչն էլ կտա իր արդյունքները:
«Ուստի պետք է հասկանալ, որ կառավարության ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, այնտեղ չպետք է լինեն սանկցիաներ` ինչ-որ մեկին պատժելու: Ծրագիրն իրականացնելուց հետո հաջողելու ենք բոլորս, իսկ գնահատականը կտա մրցավարը»,-իր խոսքն ամփոփեց Հովհաննիսյանը: