Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շախմատը մեծ հետք է թողնում երեխայի ապագայի վրա, և կգա մի օր, երբ «Շախմատը» կդառնա մեր կրթական համակարգի ամենակարևոր առարկան: Այսօր` Արարատի մարզում հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ, ասաց Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: Ի դեպ, հանդիպմանը ներկա էր նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ու Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Լպուտյանը նշեց, որ Հայաստանը միակ երկիրրն է, որտեղ շախմատը որպես ամբողջական առարկա է ընդգրկված ուսումնական ծրագրերում: «Նոր-նոր Լեհաստանն է ուզում «Շախմատը» որպես առարկա դպրոց մտնել, բացի այդ` առաջիկայում ևս 80 երկիր այս ճանապարհով կգնա: Առաջին քայլը մենք արել ենք, հիմա արդեն երկրորդ փուլին ենք հասել` պետք է Մանկավարժական համալսարանում ուսուցիչներ պատրաստենք: «Շախմատի» ներդրումը հանրակրթական դպրոցներում մեծ դեր ուներ, քանի որ աշակերտը, ով հետաքրքրված է շախմատով, հետագայում խելացի և օգտակար քաղաքացի է լինելու»,-ասաց Լպուտյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ մտադրություն ունեն ավելացնել այն դպրոցների թիվը, որտեղ շախմատի խմբակներ են գործում: Ըստ նրա` քաղաքային դպրոցներում գործում են նման խմբակներ, սակայն գյուղերում չունենք շախմատի խմբակներ: «Բացի այդ` պետք է խիստ լինել ուսուցչի ընտրության հարցում` «Շախմատի» ուսուցիչը պետք է անպայմանորեն մեր կողմից տրված սերտիֆիկատ ունենա, ինչպես նաև նա չի կարող ուղղակի տվյալ դպրոցի տնօրենի կողմից նշանակվել` մեր համաձայնությւոնն էլ պետք է ստանա, իսկ մենք շատ խիստ ենք «դատում»: «Շախմատ» առարկայի դասավանդումը դպրոցներում եզակի նորամուծություն է, որը միջազգային ճանաչում է բերել ծրագրին»,-ասաց Լպուտյանը:
Հանդիպմանը ներկա տնօրեններից մեկը հարցրեց, թե հնարավո՞ր չէ արդյոք, որ «Շախմատի» դասաժամերն ավելացնեն, սակայն ԿԳ նախարարը պատասխանեց հարցին, որ իրենք այժմ փորձում են բեռնաթափել առարկաները.«Դրա փոխարեն մենք խմբակներ ենք ստեղծում և հենց արտադասարանային պարապմունքների միջոցով էլ 4-րդ դասարանից հետո, երբ աշակերտը կավարտի դպրոցում «Շախմատի» ուսումնասիրությունը, կարող է շարունակել զբաղվել շախմատով` հաճախելով խմբակի: Բացի այդ` ուզում ենք, որպեսզի կառավարությունը ֆինանսավորի 2 արտադասարանային խմբակների գոյությունը` կլինի ռոբոտաշինություն, պար, թե խմբակ, որպեսզի աշակերտները դասերից հետո հնարավորություն ունենան իրենց հմտությունները զարգացնել»:
Ըստ նախարարի` շախմատը երեխաների մոտ զարգացնում է կոլեկտիվ մտածողությունը, համբերատարությունը, իր ապագան ծրագրավորելու հնարավորություն տալիս, ինչպես նաև հաղթելու համար քայլեր անելուն և պարտվել սովորեցնում: