Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական անգամ կառավարության նիստի ժամանակ նկատողություն արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Այս անգամ «Զվարթնոց» օդանավակայանում աշխատող տաքսիստների «անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին» լինելու համար:
Բնականաբար, ոստիկանապետն այս խնդրում մեղավոր առանցքային պաշտոնյան չէ, բայց վարչապետը որոշեց հենց նրա անունը հնչեցնել իրավիճակից իր ծայրահեղ դժգոհությունն արտահայտող ելույթի ժամանակ: Ինչո՞ւ է վարչապետը կառավարության նիստերի ժամանակ ոստիկանապետին հրապարակայնորեն նկատողություն անում, հատկապես այնպիսի հարցերում, որոնց համար ցանկության դեպքում ավելի անմիջական մեղավորներ կարող էր գտնել:
Մեկ ամիս առաջ Կարեն Կարապետյանը ոստիկանապետին նկատողություն արեց փողոցներում կուտակվող աղբի համար, եւ հանձնարարեց կանխարգելման միջոցներ ձեռնարկել, փողոցում աղբ թափողների ձեռից բռնել եւ թափած աղբը հավաքել տալ:
Նախօրեին էլ տաքսիստների թեմայով կրկին դիմելով ոստիկանապետին Կարեն Կարապետյանն ասաց. «Պարոն Գասպարյան, ընդեղ էլ ձեզանից ակնկալում ենք շատ կոշտ... Պռոստը անթույլատրելի ա, առաջին հանդիպումը ՀՀ-ի զբոսաշրջիկի հետ գալիս են դրան: 20-30 հազար դրամով Մալաթիա Սեբաստիան պտտվելով բերում են Երեւանյան լիճ` որպես Սեւան»:
Երկու դեպքում էլ, Վլադիմիր Գասպարյանը ստիպված էր վարչապետին բացատրել, որ իրեն չի դիմում իր ուղղակի գործառույթներին առնչվող հարցերով: Աղբահանության թեմայով ոստիկանապետին անհանգստացնելուց հետո իշխանական մամուլի եզրակացությունը մեկն էր. Կարեն Կարապետյանն այդպես էլ քաղաքականությունից գլուխ չհանեց, եւ չընկալեց ներիշխանական չգրված օրենքները`չհասկանալով, որ Վ. Գասպարյանի հետ նման խոսակցություն բացելով՝ նա լարվածություն է ստեղծում իր եւ Ս. Սարգսյանի իշխանության առանցքային դերակատարներից մեկի հետ: Նույնիսկ զգուշացում եղավ, որ դա կարող է վատ ավարտվել, քանի որ ի տարբերություն Կարեն Կարապետյանի, որը ժամանակավոր է Հայաստանում, Վլադիմիր Գասպարյանը Սերժ Սարգսյանի իշխանության հիմնական հենասյուներից մեկն էր:
Երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ մեղմ ասած, խաբուսիկ է տպավորությունը, թե Կարեն Կարապետյանը անգիտակցաբար է հարվածներ հասցնում Սերժ Սարգսյանի հենասյուներից մեկին:
Կառավարության վերջին ձեւավորման գործընթացից պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը զրկել է Կարեն Կարապետյանին նույնիսկ այն սահմանափակ ազատությունից, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու ժամանակ սահմանվել է իրենց պայմանավորվածությունների ժամանակ:
Կառավարության ձեւավորման վերջին պրոցեսը, սակայն ցույց տվեց, որ որոշումներ կայացնելու վարչապետի շրջանակը էլ ավելի է նեղացել, գրեթե զրոյացել է: Կարեն Կարապետյանը, ըստ էության, հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ, զրկված գործելու ցանկացած հնարավորությունից:
Ու քանի որ վարչապետը գործողությունների լայն ընտրություն չունի, նա իր դիրքերն ամրացնելու, իր պաշտոնում եւ ՀՀ քաղաքական երկրակամարում ինքնահաստատվելու համար ընտրել է Սերժ Սարգսյանի հենասյուն, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Կարապետյանի խոսքը տվյալ դեպքում ուղղված է ոչ այնքան ոստիկանապետին, որքան նրա ղեկավարին:
Եւ ակնհայտ է, որ սա լավագույնս գիտակցում է նաեւ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Գասպարյանին խնդրել է տուրք չտալ էմոցիաներին, նույն ոճով չհակադարձել վարչապետին, եւ նույնիսկ բարեխղճորեն կատարել նրա հանձնարարությունները: Մինչեւ տեսնենք`ինչ է լինելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: