կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-21 12:35
Առանց Կատեգորիա

Մեկնարկել է 6-րդ ''ԴիջիԹեք Բիզնես'' ֆորումը

Մեկնարկել է 6-րդ ''ԴիջիԹեք Բիզնես'' ֆորումը

 

Այսօր` հունիսի 21-ին, մեկնարկեց  «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա «ԴիջիԹեք Բիզնես»  ֆորումը: Պաշտոնական բացումն իրականացրեց  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ֆորումի աշխատանքները կտևեն երկու օր` հունիսի 21-22-ը, «Արմենիա Մարիոթ»  հյուրանոցում:

 

Ֆորումի նպատակն է աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները: 

 

«ԴիջիԹեք Բիզնես»  ֆորումին այս տարի կմասնակցեն և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար կներկայացնեն 62 կազմակերպություններ և ծրագրեր, որից 43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա  ծանոթանալ հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` տրանսպորտային հոսքերի կառավարման համակարգեր, ձեռնարկությունների և հաճախորդների կառավարման համակարգեր,  call կենտրոններ և հեռախոսային նորագույն լուծումներ, կոմունալ վճարումների իրականացման համակարգեր, դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգեր, 3D համակարգեր, ինչպես նաև պետական գործակալությունների կողմից ներկայացվող էլեկտրոնային ծառայությունները և այլն:

 

«ԴիջիԹեք Բիզնես»  ֆորում 2013-ում ներկա կլինեն և իրենց երկրի փորձն ու բիզնես ոլորտի ՏՏ լուծումները կներկայացնեն կազմակերպություններ Սինգապուրից, Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բուլղարիայից, Ուկրաինայից: