Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Թուրքական «Hürriyet» թերթի կայքի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջիկա քաղաքական ծրագրերին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Մասնավորապես` Սելվին նշում է, որ Էրդողանի բրյուսելյան այցից հետո կադրային փոփոխություններ են սպասվում ինչպես ԱԶԿ-ի ներսում, այնպես էլ նախագահական կաբինետում: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Էրդողանը, Բրյուսել մեկնելուց առաջ:
Իսկ այդ փոփոխություններից հետո կկազմվեն և կհրապարակվեն ԱԶԿ-ի և Էրդողանի քաղաքական ծրագրերը, որոնք կընդգրկեն մինչև 2019թ. ավարտն ընկած ժամանակահատվածը: Ծրագրերից մեկը կկազմվի նախարարությունների կողմից, իսկ մյուսը կլինի անձամբ Էրդողանի քաղաքական ուղեցույցը:
Այդ ծրագրերում հատկապես մեծ տեղ կտրվի Գյուլենական համայնքի (FETÖ) դեմ պայքարին, և առաջիկա ՏԻՄ ընտրությունների բոլոր թեկնածուները խստորեն կուսումնասիրվեն FETÖ-ի հետ հավանական կապի տեսանկյունից:
Էրդողանի քաղաքական ծրագիրը կկազմվի ռամազանի ընթացքում և կհրապարակվի անձամբ Թուրքիայի նախագահի կողմից: Այդ ծրագրի մշակման և իրագործման համար և' նախագահականում, և' ԱԶԿ-ում հատուկ աշխատանքային խումբ կստեղծվի:
«2019թ. ընտրություններում որևէ անակնկալից խուսափելու համար Էրդողանը հիմիկվանից է գործի անցել: Այդ իսկ պատճառով նա անձամբ կհետևի քաղաքական ծրագրի մշակման աշխատանքներին, որը պետք է ստեղծվի նախարարություններից ստացված առաջարկների հիման վրա», - գրում է հեղինակը:
Նշենք, որ 2019թ. Թուրքիայում մի քանի ընտրություններ են նախատեսված: Մարտի 30-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները: Իսկ նոյեմբերի 3-ին նախատեսված են միաժամանական և նախագահական, և խորհրդարանական ընտրությունները: ԱԶԿ-ի խնդիրն է հնարավորինս լավ պատրաստվել այդ ընտրություններին, որպեսզի 2017թ. հանրաքվեի ժամանակ գրանցված ձայների 51/49% հարաբերությունը կրկին սպառնալիք չստեղծի կուսակցության իշխանության գլուխ մնալու համար: