կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-19 21:57
Հասարակություն

Օրակարգում հեմոդիալիզային ծառայության բարելավումն է

Օրակարգում հեմոդիալիզային ծառայության բարելավումն է

Լևոն Ալթունյանի մոտ քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում հեմոդիալիզային ծառայության ներկա իրավիճակը, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։

Խնդրի ուսումնասիրման համար ստեղծված աշխատանքային խումբը նախարարի պաշտոնակատարին զեկուցել է, որ հանրապետությունում հեմոդիալիզի ծառայություն մատուցվում է 14 բժշկական հաստատությունում, որից 5-ը` Երևանում, 9-ը` մարզերում։

Նշվել է, որ այս պահին հեմոդիալիզի կարիք ունեցող ՀՀ շուրջ 800 քաղաքացու ծառայությունը մատուցվում է պետական պատվերի շրջանակում։ 2016թվականին իրականացվել է հեմոդիալիզի 118.292 սեանս։ Հեմոդիալիզ ստացողների միջին տարիքը կազմում է 56։

Աշխատանքային խմբի կանխատեսումով մինչև տարեվերջ այս ծառայությունից օգտվող հիվանդների թիվը կարող է հասնել 860-ի։

Քննարկվել են ծառայության բարելավմանը, անվտանգության ապահովմանը, հիվանդների նկատմամբ մշտական հսկողությանը և դեղերի անխափան մատակարարմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել թե՛ սարքավորումների, թե՛ ծառայությունն իրականացնող բուժաշխատողների ծանրաբեռնվածությանը, վճարման մեխանիզմներին։

Հավանության են արժանացել հեմոդիալիզի գծով գլխավոր մասնագետ Գագիկ Պապիկյանի և գլխավոր նեֆրոլոգ Աշոտ Սարգսյանի ներկայացրած մոտեցումները` ուղղված երիկամային հիվանդությունների վաղ կանխարգելմանը և, որպես խնդրի երկարատև լուծում, երիկամների փոխպատվաստման խթանմանը։

Լևոն Ալթունյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումներին և գլխավոր մասնագետներին լրացուցիչ հանձնարարականներ է տվել ինչպես ծառայության որակի բարելավման, այնպես էլ` ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման ուղղությամբ։