կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-19 18:01
Քաղաքական

Ձեր գործընկերն ինձ ասում էր` ի՞նչ գործ ունեք «Ֆեյսբուք»-ում, բայց այսօր հացը ձեռիցս տարել է. Աշոտյանը՝ Մարուքյանին

Ձեր գործընկերն ինձ ասում էր` ի՞նչ գործ ունեք «Ֆեյսբուք»-ում, բայց այսօր հացը ձեռիցս տարել է. Աշոտյանը՝ Մարուքյանին

ԱԺ-ում քննարկվում է հանձնաժողովի նախագահների ընտրության հարցը: Առաջադրված թեկնածուները ներկայացնում են իրենց անելիքները, թե այս կամ այն հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում ինչպես են աշխատելու:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանի ելույթից հետո նրան հարց ուղղեց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա կարծիքով` Աշոտյանի կերպարը, որպես այդ հանձնաժողովի նախագահ, անհամատեղելի է, քանի որ նա անհանդուրժող վերաբերմունք ունի ընդդիմադիրների նկատմամբ:

«Ես եղել եմ այդ հանձնաժողովի անդամ, և ձեր թիմակից Արտակ Զաքարյանի հետ շատ լավ աշխատել ենք, նա համապատասխանում էր այդ պաշտոնին: Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր աշխատանքները»,- հարցրեց նա:

Աշոտյանը, մինչև պատասխանելը, հետաքրքրվեց Մարուքյանից` արդյո՞ք իր պատասխանից կախված է լինելու նրա քվեարկությունը, ապա ասաց. «Մի' նյարդայնացեք, պարո'ն Մարուքյան, թե՞ իմ հանդուրժողականությունն եք փորձարկում»:

Այնուհետև նա անդրադարձավ հարցադրմանը: «Երբ ես բժիշկ էի, 2005 թվականին մտա խորհրդարան, շատերն ասում էին` ի՞նչ գործ ունի բժիշկը քաղաքականության մեջ, բայց հիմա տեսնում ենք, թե ինչ բարձունքի են հասնում բժիշկները քաղաքականության մեջ՝ (ցույց տալով Արա Բաբլոյանին): Երբ որ բժիշկ էի և 2009-ին դարձա նախարար, ասում էին` կրթության նախարարն` ուր, բժիշկն՝ ուր: Երբ որ նախարար էի, մտա «Ֆեյսբուք»` 2009 թվականին:

Ձեր գործընկերներից մեկն ասում էր՝ Ձեզ լրջանալ է պետք, պարո'ն Աշոտյան, ի՞նչ գործ ունեք ֆեյսբուքներում, բայց այսօր հացը ձեռիցս տարել է ձեր այդ գործընկերը: Պատասխանս չի ենթադրում, որ ասեմ` այո, կարող եմ, ոչ էլ ենթադրում է` քվեարկեք իմ օգտին: Մենք կանենք միասին` պատասխանը բավական անկեղծ է: Լավ է, որ իմ գործընկերների և ընկերների մասին բարձր կարծիքի եք, երբեք չեմ համեմատվի պարոն Զաքարյանի հետ: Սա քաղաքական որոշում է, որ ինձ են առաջադրել այդ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում»:

Մարուքյանն էլ արձագանքեց. «Կարծում եմ՝ Դուք կգնահատեք իմ անկեղծությունը` ես մտահոգված եմ: Դուք այդ պաշտոնին անհամատեղելի եք, թիմային աշխատակցի տեսակետից եմ ասում: Ես սա ֆիքսեցի, և դա մտավ խորհդարանի պատմության մեջ»:

Աշոտյանն էլ  պատասխանեց. «Դուք վաղուց եք մտել խորհրդարանական պատմության մեջ նախորդ նստաշրջանում` Ձեր լեզվով ասած` որպես «error»: Կարծում եմ՝ այս խորհրդարանում ուրիշ ձև կմտնեք պատմության մեջ, քան իմ համեստ անձը անհարկի քննադատելով»: