Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախօրեին ադրբեջանական զինուժը իսրայելական արտադրության «ՍՊԱՅԿ» տեսակի կառավարվող հրթիռով խոցել է հայկական ԶՈՒ-ին պատկանող «ОСА» տիպի զենիթահրթիռային համակարգի տրանսպորտային-լիցքավորման կայանքը: Չնայած հրադադարի պահպանման ռեժիմը խախտվում է ամենօրյա, գործնականում ամենժամյա ռեժիով, սակայն Արցախի տարածքում գտնվող պաշտպանական նշանակության զինտեխնիկային հրթիռային համակարգին հարված հասցնելու միջադեպն իր ռազմա-քաղաքական բաղադրիչով աննախադեպ է 2016թ. ապրիլյան մարտերից հետո: Քանի որ այդ կայանքը որևէ վտանգ Ադրբեջանի համար չէր ներկայացնում, դրա միտումնավոր ոչնչացման գործողությունն ակնհայտ սադրանք էր՝ հայկական կողմին պատասխան գործողությունների դրդելու նկատառումով:
Չնայած այդ հանգամանքին՝ միջադեպը միջազգային լայն ռեզոնանսի տեղիք չտվեց: Բացի հակամարտող կողմերի ռազմական գերատեսչություններից, միջազգային որևէ կառույց կատարվածին չի արձագանքել: Չեղավ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը, չնայած նրան, որ այս քայլով Բաքուն ավելորդ անգամ հաստատում է նախքան հրադադարի հաստատումը կարգավորմանն ուղղված որևէ բանակցության մասնակցելու անիմաստությունը: Չեղավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահող երկրների, այդ թվում նաև վերջին շրջանում ԼՂ բանակցային գործընթացի «մոդերատորի» դերը ստանձնած Ռուսաստանի արձագանքը՝ չնայած նրան, որ իր այդ քայլով Ադրբեջանը ձգտում է ապացուցել ՄԽ ձևաչափի անգործունակությունը և ձախողել իրավիճակի կայունացման Ռուսաստանի ջանքերը:
Այս իրավիճակը պարզորոշ ցույց է տալիս, որ բոլոր կարծես համակերպվել են նրան, որ Ադրբեջանը ոչ միայն պետք է պարբերաբար սադրանքների դիմի, այլև աստիճանաբար մեծացնի դրանց մասշտաբները և նոր ռազմական գործողություններ հրահրելով ապակայունացնի իրավիճակը: Սա վկայում է նաև, որ միջազգային հանրությունը չի սպասում հայկական կողմի համարժեք գործողության, և նույնքան օրինաչափ է համարում, որ Ստեփանակերտը և Երևանը շարունակում են սառնասրտորեն անտեսել այդ սադրանքները, որքան էլ Բաքուն ընդլայնում է դրանց ծավալներն ու լրջացնում:
Այս միջադեպից առաջ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, թե ամռանը սկզբին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան այցելությանը կարող է հաջորդել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում: Ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե նման հանդիպումը սկզբունքորեն հնարավոր է: «Մոսկվայում երեք երկրների արտգործնախարարների հանդիպման (խոսքը վերաբերում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների՝ Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած հանդիպմանը-հեղ.) տրամաբանությունից ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ խաղաղության դիմաց զորքերի դուրս բերումը կամ խաղաղության դիմաց տարածքների հանձնումը հնարավոր է: Դա վերջին 12 տարիների բանակցային ամբողջ գործընթացի տրամաբանությունն է: Դիվանագիտության մեջ բանակցություններ հանուն բանակցությունների գոյություն չունի: Բոլորն են հասկանալի, որ Հայաստանը պետք է հանի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,-ասել էր Մամեդյարովը՝ ըստ ադրբեջանական APA-ի:
Դրան հետևեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի արձագանքը, ըստ որի՝ մոսկովյան հանդիպման բովանդակությունը արտահայտված է միայն Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների հաղորդագրություններում: Եվ այն, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն խախտելով համաձայնությունը՝ նույնաբովանդակ հաղորդագրություն չտարածեց, ըստ Բալայանի, փաստում է, որ Բաքուն հանդիպման վերաբերյալ այլ մեկնաբանություններ ունի:
Ուշագրավ է, որ Մամեդյարովն ոչ միայն բացահայտ խոսում է այն մասին, որ բանակցությունների սեղանին «տարածքներ-խաղաղության դիմաց» կոնցեպցիան է, այլև պնդում է, որ հրաժարվելով կարգավորման բովանդակային բանակցություններ սկսելու իր նախապայմաններից՝ Երևանը քննարկում է այդ կոնցեպցիան: Մամեդյարովի այս հայտարարության մեջ ծուղակ կա: Եթե ամեն ինչ այդքան միանշանակ է և հայկական կողմը պատրաստ է քննարկել այդ կոնցեպցիան, ապա ինչո՞ւ պետք է Բաքուն խոցեր հայկական ԶՈՒ տեխինիկան և հարցականի տակ դներ վերսկսվող բանակցային պրոցեսի շարունակությունը: Ի վերջո ակնհայտ է, որ նման սադրանքները Երևանին կարող են վերադարձնել նախկին նախապայմանային մարտավարությանը:
Իրականում որևէ նախադրյալ չկա, որ հայկական կողմը քննարկում է այդ կոնցեպցիան: Հենց դրանով են պայմանավորված իրավիճակը լարելու Ադրբեջանի այս սադրիչ քայլը: Այն ոչ այլ ինչ էր, քան պատերազմի շանտաժի զարգացում: ՀՕՊ համակարգի կայանքի խոցումը հունիսի սկզբներին կայանալիք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցին ընդառաջ է, և ուղերձ է համանախագահող երկրներին: Ուղերձի իմաստը շատ պարզ է: Ադրբեջանը հասկացնում է, որ չի պատրաստվում կատարել հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված Վիենայի և Սանկտ-Պետերբուրգի՝ անցած տարվա գաղաթաժողովների պայմանավորվածությունները, որքան էլ դրանց ուղղությամբ հատկապես եռանախագահության ֆորմատի ճնշումները զգալի են, և եթե չբավարարի հայկական զորքերը «իրենց օկուպացված տարածքներից» հանելու պահանջը, Ադրբեջանը կարող է գնալ ավելի լուրջ ռազմական լուծումների: Այս ֆոնին է, որ աչք է ծակում ադրբեջանական այս խոշոր սադրանքի հանդեպ աչքերը, ականջներն ու բերանը փակելու Մոսկվայի պահվածքը:
Գևորգ Դարբինյան