Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուրոլիքը ԼՂ հակամարտության գոտի այցելության շրջանակում ժամանել է Երևան` թերևս կազմակերպելու հոկտեմբերի սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում նախատեսված` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Ուորլիքը տարածաշրջան է եկել առանց ՄԽ համանախագահ մյուս երկու գործընկերների, ինչը վկայում է, որ Նյու Յորքում կայանալիք հանդիպումը Վաշինգտոնի միակողմանի նախաձեռնությունն է, և այն տեղի է ունենալու Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնած` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման լույսի ներքո: Այս կերպ Վաշինգտոնը շեշտում է ոչ միայն ԼՂ բանակցային գործընթացի թելերն իր ձեռքը վերցնելու, այլև պրոցեսի տրամաբանությունը փոխելու և կողմերին որոշակի համաձայնությունների հանգեցնելու հարցում ցուցաբերած հետևողականությունը:
Ուշագրավ էր Երևան ժամանելուց անմիջապես հետո ԱՄՆ դեսպանատանն ասուլիս հրավիրելու` Ուորլիքի, ըստ էության, աննախադեպ քայլը: Սովորաբար նման ասուլիսները կամ բրիֆինգները կազմակերպվում են պաշտոնական հանդիպումներից հետո` ելնելով դրանց արդյունքներից: Ավանդույթի խախտումը պատահական չի կարող լինել: Այն վկայում է Հայաստանի, գուցե նաև Ադրբեջանի հասարակությունների հետ աշխատելու հարցում խաղի նոր կանոններ որդեգրելու նոր մարտավարության մասին: Դրա մասին Ուորլիքը նույնիսկ ակնարկել է ասուլիսի ընթացքում. «Հույս ունեմ, որ հայ ժողովուրդը գիտի, թե մենք ինչ ենք ուզում այս գործընթացում: ...Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ երկու երկրների հասարակություններն էլ պետք է տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում բանակցային գործընթացում»,- ասել է նա:
Վաշինգտոնի համար շատ ավելի էական է դառնում ոչ թե այն, թե ինչ են իրենց հանրություններին հրամցնում պաշտոնական Երևանն ու Բաքուն, այլ այն, թե ինչ է ակնկալում բանակցություններից Վաշինգտոնը: Որդեգրելով, այսպես կոչված, «բաց բանակցությունների» մոտեցումը` ԱՄՆ-ը ձգտում է առաջին հերթին հակակշռել կուլիսային գործարքների տրամաբանությամբ առաջնորդվող Ռուսաստանին: Վերջինիս այս մոտեցման ուղղակի հետևանքը եղավ օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական շփման գոտում նախապատերազմական իրավիճակի ստեղծումը, որի ներքո ԱՄՆ-ը տեսավ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներն Ադրբեջանին զիջելու միջոցով հակամարտության գոտում Ռուսաստանի կողմից ռազմական ներկայություն ապահովելու իրական վտանգ: Դա գործանակում նշանակելու էր թե' ԼՂ հիմնահարցից և թե', ընդհանրապես, հարավկովկասյան տարածաշրջանից Արևմուտքի դուրսմղում: Եվ Վաշինգտոնն արդեն հասկանում է, որ դրանից խուսափելու առաջին պայմանը բանակցային պրոցեսը հնարավորինս հրապարակայնացնելն է և հասարակական վերահոսկողությանը հանձնելը:
Սակայն Երևանում այսօր Ուորլիքը հանդես է եկել մի շատ հետաքրքրական, նույնիսկ տարօրինակ հայտարարությամբ: «Ժամանակն է, որ բանակցությունները տարվեն մեկ այլ մակարդակի վրա: Արդեն բավական չէ, որ նախագահները կամ արտգործնախարարները երբեմն հանդիպում են: Պետք է լինի պաշտոնական բանակցային գործընթաց, և պետք է կողմերը որոշեն, թե այն ինչպես պետք է լինի»,-ասել է նա: Համանախագահը չի բացատրել, թե ինչ նկատի ունի «բանակցություններն այլ մակարդակի տանելու» և «պաշտոնական բանակցային գործընթաց սկսելու» ձևակերպումների ներքո: Խնդիրն այն է, որ ԼՂ հարցով արդեն իսկ կա մեկ պաշտոնական ձևաչափ, և դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Եթե հայտարարությանը մոտենում ենք այս տեսանկյունից, ապա կարելի է կարծել, թե Ուորլիքն ակնարկում է հենց Մինսկի խմբի ձևաչափը փոխելու անհրաժեշտության մասին: Այդ դեպքում հարց է առաջանում, թե, ՄԽ-ի հետ կապված, ինչը չի գոհացնում ԱՄՆ-ին, մանավանդ, եթե նկատի ունենանք Ուորլիքի արտահայտած այն համոզմունքը, թե հակամարտությունը պետք է կարգավորել հայտնի Մադրիդյան վեց սկզբունքների հիման վրա: Այս սկզբունքները կենսունակ են այնքանով, որքանով կենսունակ է հենց ՄԽ համանախագահների ձևաչափը: Հազիվ թե Ուորլիքը, ընդհանուր առմամբ` նաև Վաշինգտոնը չեն գիտակցում գոնե այս փուլում ՄԽ ձևաչափը խարխլելու փորձի անմտությունը, որը գործնականում հանգեցնելու է ռուսական սցենարի իրագործմանը: Հետևաբար` պետք է ենթադրել, որ Ուորլիքը նկատի ունի բոլորովին այլ բան:
Նախ` գոնե առաջին հայացքից թվում է, թե սա առաջարկ է` ՄԽ շրջանակում բանակցություններն ավելի ինտենսիվ, գուցե ընդհուպ պերմանենտ դարձնելու` արդեն ոչ թե զուտ նախագահների և արտգործնախարարների, այլև կառավարությունների, մշտապես գործող ինչ-որ բանակցային խմբի մակարդակով: Եթե այդպես է, ապա ԱՄՆ-ի նախաձեռնությունը պետք է դիտարկել հակամարտությունը շուտափույթ կարգավորելու ցանկության տեսանկյունից: Բայց կարող է լինել նաև այլ շարժառիթ: Ուելսում նախագահների հերթական բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում օրերս ասաց, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցությունների ժամանակ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղության մեծ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության հարցը։ Բաքվից հնչած այս հայտարարությանը, ոչ Երևանը, ոչ էլ Վաշինգտոնը որևէ մակարդակով չեն արձագանքել: Մինչդեռ Երևանը բազմիցս է հայտարարել, թե Բաքվի այս առաջարկությունը, որը հնչում է արդեն երեք տարի շարունակ, անընդունելի է, քանի որ հնարավոր չէ խոսել որևէ համաձայնագրի ստորագրման մասին, քանի դեռ համաձայնեցված չեն դրա հիմքը կազմող բոլոր` 6-ից 8 սկզբունքները, այդ թվում` նաև ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի իրացման մեխանիզմները: Արդյո՞ք հատկապես Երևանի լռությունից կարել է ենթադրել, որ սկզբունքների համաձայնեցումը մի կողմ դնելու և խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ աշխատանքներ սկսելու հարցը եղել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ուելսյան բանակցությունների օրակարգում, և հենց դրա հիման վրա է Ուորլիքն ակնարկում «բանակցային պաշտոնական նոր պրոցես» սկսելու մասին: Եթե այդպես է, ապա դա նշանակում է համաձայնել խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը` շրջանցելով ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման հարցը: Այս կապակցությամբ բացատրություններ տալու խնդիր ունի հատկապես Երևանը:
Մյուս կողմից` որքան էլ ԱՄՆ-ի այս ակտիվացումն ուղղված է հակամարտության կարգավորման հարցում խախտված բալանսի վերականգնմանը, բայց եթե Վաշինգտոնն իսկապես ցանկանում է շահել հասարակությունների վստահությունը, ապա չէր խանգարի նախ հրաժարվել նման բազմիմաստ և ոչ միանշանակ ընկալում գտնող հասկացություններ կիրառելուց և խոսել ավելի բաց տեքստով:
Գևորգ Դարբինյան