| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ` ժամը 16.00-ից սկսած, ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանամերձ արոտավայրերի, այգիների և միջպետական նշանակության ճանապարհի ուղղությամբ:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը Yerkir.am-ին հայտնեց, որ հակառակորդի կրակահերթը սկսվել է ժամը 16:00-ից և տևել մինչև երեկոյան 22:00-ն: Նրա խոսքով՝ ադրբեջանական զինուժը նախ կրակել է Բաղանիսի խաղողի այգիների վրա, որտեղ գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներ էին իրականացնում, ապա` նաև անասնապահների ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, կրակահերթի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Նշենք, որ Բաղանիսի այգիները գտնվում են միջպետական նշանակության ճանապարհի մոտ, և կրակահերթի հետևանքով վարորդները ստիպված են եղել տեսանելի տարածքով արագ անցնել: «3-4 կրակահերթ է արձակվել, այդ թվում` գյուղի ուղղությամբ: Ժամը 22:00-ի դրությամբ կրակը դադարել է, գիշերը հանգիստ է անցել, այս պահին էլ է հանգիստ»,- ասաց նա` նշելով, որ կրակոցները մեկ-երկու տանիքի են դիպել, լուրջ վնասներ չկան:
Գյուղապետի կարծիքով՝ լարվածությունը պայմանավորված է գյուղատնտեսական աշխատանքներով և նպատակ ունի վախեցնել բնակիչներին, որպեսզի սահմանամերձ տարածքները չմշակվեն:
Նարեկ Սահակյանը հայտնեց նաև, որ ոռոգման ցանցի շնորհիվ գյուղի այգիները սկսել են ավելի շատ մշակել: