կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-12 21:41
Քաղաքական

«Ելք»-ը և «Երկիր ծիրանի»-ին կրկնօրինակում են ՀՀԿ-ին. Նաիրա Նահապետյան

«Ելք»-ը և «Երկիր ծիրանի»-ին կրկնօրինակում են ՀՀԿ-ին. Նաիրա Նահապետյան

Երևանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածու Նաիրա Նահապետյանը  Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց թիմն ամբողջությամբ կյանքի է կոչել 2013-2017 թվականների ծրագիրը, մինչդեռ, ըստ նրա, այս տարվա ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը նոր են մտնում քաղաքային տնտեսության ոլորտ և ամբողջությամբ չեն պատկերացնում ոլորտի նրբությունները:

«Ի տարբերություն մեր թիմի ղեկավար Տարոն Մարգարյանի, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Զարուհի Փոստանջյանը քաղաքային տնտեսությունը չեն պատկերացրել և չգիտեն՝ ինչ է: Մեր ամեն ինչը տարբերվում է, մենք ասում էինք մեր ծրագրերը, իսկ նրանք միայն դրանից հետո էին անդրադառնում դրան: Օրինակ` տրանսպորտի բարելավման հարցեր, վերելակային տնտեսություն… Այ այդ տարբերությամբ գնում ենք, և ողջ քարոզարշավն էլ է հենց այդպիսին: Մենք 4 տարի անընդմեջ հանդիպել ենք երևանցիների հետ, լսել ենք առաջարկներ, բողոքներ, և հիմա դրա համար  երևանցիները շատ լավ ընկալում են ամեն ինչ, և հենց նրանք են ներկայացնում այն բարեկեցիկ Երևանը, որ մենք այսօր ունենք»,- ասաց Նահապետյանը՝ կարծիք հայտնելով, որ «Երկիր ծիրանի»-ին ու «Ելք»-ը չեն պատկերացնում քաղաքի բյուջեն:

«Մենք ո՛չ իրատեսական ենք համարում նրանց արձագանքը տրանսպորտի, մետրոյի հետ կապված: Մետրոյի ևս մեկ կայարանի ստեղծումը բավականին թանկ հաճույք է  ներկայիս Երևանի համար, դա իրատեսական է, բայց ոչ այս ժամանակահատվածի համար: Ունենք Երևանի առջև ծառացած մեծ խնդիրներ՝ տրանսպորտի, վերելակային տնտեսության, աղբահանության: Մետրոյի կայարանի կառուցումը չէր կարող լինել իրատեսական ներկա փուլում»,- ասաց Երևանի ավագանու ՀՀԿ-ական թեկնածուն, բայց միևնույն ժամանակ ասաց, որ մետրոյի ևս մեկ կայարանի ստեղծման  խնդիրն էլ են առաջնային համարում:

«Մետրոյի կայարանի կառուցումը մեզ համար մնում է առաջնահերթություն, քանի որ մետրոն ապահովում է ամենաանվտանգ և ամենաէժան երթևեկությունը, բայց դա կարող է լինել ոչ հիմա, մյուս տարիների համար է դա, երբ կբարելավվի վերգետնյա տրանսպորտը, վերելակային տնտեսությունը»,- նշեց Նահապետյանը:

Թեև մեր զրուցակիցը համաձայնեց, որ Երևանում իսկապես առկա է վերգետնյա տրանսպորտի հետ կապված լրջագույն խնդիր, սակայն կարծիք հայտնեց, որ երկու տարի առաջ ոլորտն ավելի խնդրահարույց էր, քան հիմա:

«Տեսաք՝ մեծ  խմբաքանակով ավտոբուսներ ներմուծվեցին Երևան, և հիմա, որ ասում են` գծատերեր, կամ էլ խոսում են ինչ-որ կանգնած ավտոբուսների մասին, որոնք դուրս չեն գալիս երթևեկելու, իրականություն չէ: Բավականին` մարշրուտկա կոչվածներ հանվեցին և ներմուծվեցին ավտոբուսներ»,- ասաց մեր զրուցակիցը, ապա, շարունակելով խոսքը, նշեց, որ առաջիկա հինգ տարվա ծրագրերի մեջ է մտնում նաև մեկ միասնական օպերատորի, էլեկտրոնային տոմսի ներդրումը:

«Գծատերեր հասկացությունը ոնց որ թե ինչ-որ չափով արդեն վերացած է: Մեր ծրագիրը լրիվ իրատեսական է, ունենք ֆինանսավորման աղբյուրը, ներդրումներ են լինելու: Դրա համար եմ ասում, որ խնդիրները պետք է գնահատել առաջնահերթությամբ, դրա համար եմ ասում` տրանսպորտի խնդիրն ավելի կարևոր է, քան մետրոյի կառուցումը: Մետրոյի կայարանի հետ կապված հաշվարկները կան, ամբողջ փաթեթը պատրաստ և քաղաքապետի սեղանին է, ուղղակի  առաջնահերթության հարց կա»,- ասաց նա:

Ի դեպ, Նահապետյանը կարծիք հայտնեց նաև, որ «Ելք»-ը և «Երկիր ծիրանի»-ին կրկնօրինակում են ՀՀԿ-ին:  «Նրանք, ծրագրային դրույթներն ասելիս ասում են այն, ինչ մենք: Մնացածի մեջ ես իրատեսական ծրագիր չեմ կարող տեսնել, այն, ինչ ասում են, կապված բյուջեի ավելացման հետ, իրատեսական չեմ համարում»,- նշեց նա:

 Անդրադառնալով «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների այն պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանը, մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին, սատարում է ՀՀԿ-ին, Նահապետյանն ասաց. ««Երկիր ծիրանի»-ն մի բան գիտի, որ ասում է` Նիկոլ Փաշինյանի հետ կապված»: