Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվեց մետրոյի կայարանների թիվը ևս մեկով ավելացնելու հարցը, մասնավորապես` Երևանի մետրոպոլիտենի` դեպի Աջափնյակ գնացող կայարանի կառուցման հետ առնչվող խնդիրները:
Նշենք, որ դեռ խորհրդային տարիներից դեպի ձորը գնացող թունելները կառուցված են, և 4 հորաններն էլ կան:
«Արթուն» ԲԲԸ-ի տնօրեն Հմայակ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ է անհրաժեշտ, որ մետրոյի մեկ կայարան ևս հնարավոր լինի շահագործման հանձնել: Նշենք, որ մետրոյի կայարաններն ու թունելները կառուցվել են 66 տարի գործունեություն ծավալած այս ընկերության կողմից:
«Մենք` որպես մեծ փորձ ունեցող կազմակերպություն, առաջարկում ենք գոնե մեկ կայարանի կառուցումը Աջափնյակում` Հալաբյան-Աբելյան խաչմերուկում, իրականացնել»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ, գիտակցելով մեր երկրի ֆինանսատնտեսական որոշակի բարդությունները, առաջարկում է 4 տարբերակ, յուրաքանչյուր տարբերակում նվազեցվում է ֆինանսական միջոցների չափը: Հարությունյանի խոսքով` նպատակն այն է, որ ուղևորը կարողանա հասնել Հալաբյան-Աբելյան խաչմերուկ, այսինքն` «Բարեկամություն» կայարանից անցնել Աջափնյակ թաղամաս:
«Մենք արդեն 5 կառուցված հորան ունենք և դրանցով կառուցված թունելներ ունենք: Մենք Հալաբյանում ունենք 2.5 կմ ընդհանուր երկարությամբ թունել»,- ասաց նա:
Նախագծի ամբողջական տարբերակը, ըստ «Արթուն» կազմակերպության, հետևյլան է. «Նախատեսվում է կամուրջ կառուցել, ապա ևս` 320 մետր թունել և 109 մետր կայարանային հատված: Կայարանային հատվածից հետո նախատեսված է ստորգետնյա էլեկտրակայանի և սպասարկող անձնակազմի համար երկհարկանի թունելային համակարգ կառուցել`ևս 100 մետր»:
Հարությունյանի խոսքով` այդ երկհարկանի թունելային համակարգը կայարանին հավասար կառույց է, և այդ ամբողջը կառուցելու համար անհրաժեշտ է 150 մլն դոլար: Սակայն գումարի խնայողության համար առաջարկվում է էլեկտրաենթակայանը և սպասարկող անձնակազմի համար ստորգետնյա երկահարկանի կառույցը դարձնել վերգետնյա: «Հալաբյան փողոցում շինություն կա, և հնարավոր է այդ ամենը վերգետնյա կառուցել, որը 4 անգամ ավելի պակաս գումար է պահանջում, քան ստորգետնյայի դեպքում»,- նշեց մասնագետը:
Գումար խնայելու հաջորդ տարբերակը, ըստ նրա, երկու թունելի փոխարեն մեկը կառուցելն է: «Մետրոյի մեկ գիծն ընդհանրապես չկառուցել, այդպիսով` մոտ 340 մետր թունել չի կառուցվի, սա ևս միջոցների խնայողություն է»,- բացատրեց Հարությունյանը:
Միջոցներ խնայելու համար ընկերությունն առաջարկում է նաև կայարանը կարճացնելու տարբերակ: «Կարելի է կայարանը կարճացնել` ոչ թե 109 մետր կառուցել, այլ` 70: Երեք վագոնը 60 մետր է, 70 մետրում կարող է իջեցնել մարդկանց, հանգիստ հետ գալ»,- նշեց Հարությունյանը, ապա հավելեց, որ այս տարբերակով ամբողջ գումարը կկազմի 80 մլն դոլար, այսինքն` նախնական առաջարկի կեսը:
Հարությունյանը նաև մտահոգություն հայտնեց: «Այսօր մետրոպոլիտենում դրենաժային թունել է կառուցվում՝ Ռոսիայից դեպի «Հանրապետության հրապարակ» կայարան, որը շատ անհրաժեշտ է, քանի որ այդ մասերում ջրի հսկայական քանակ ունենք, բայց դա անում է իսպանական մի կազմակերպություն: Ես փորձեցի գտնել՝ ինչ թունելագիտական կազմակերպություն է, այդպես էլ չիմացա: 2015թ. մտել է այդ կազմակերպությունը: 800 մետր, այն էլ՝ փոքր հատույթով թունելն այսօրվա դրությամբ խարխլվում է, իսկ մենք մնում ենք անգործ: Դրա փոխարեն մենք առաջարկում ենք քայլեր, որ մենք աշխատենք, ու հսկայական մեր տնտեսությունը չկործանենք»,- ասաց նա:
Yerkir.am-ը քննարկմանը ներկա տնտեսագետ Վազգեն Սաֆարյանից հետաքրքրվեց` արդյո՞ք նշված առաջարկները քննարկել են քաղաքապետարանի կամ կառավարության հետ: Սաֆարյանը պատասխանեց, որ քննարկումից հետո են կառավարությանը ներկայացնելու իրենց առաջարկները: «Մինչ այս պահը որևէ մեկին չենք ներկայացրել մեր առաջարկները, այս քննարկումից հետո դիմելու ենք կառավարությանը»,- նշեց նա: