կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-12 14:00
Քաղաքական

«Ելք»-ին ձայն չի տվել, բայց գովերգեց

«Ելք»-ին ձայն չի տվել, բայց գովերգեց

Շատ կարևոր է, որ ընդդիմադիր դաշտը ներկայացված է խորհրդարանում` ի դեմս «Ելք»-ի. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նրա կարծիքով` «Ելք»-ը նույն հետևողականությամբ կշարունակի բարձրացնել դժգոհ հասարակության տեսակետները և պայքարել ժողովրդավարության կայացման համար:

«Խորհրդարան անցել է մեկ ընդդիմադիր ուժ` ի դեմս «Ելք» դաշինքի, և «Ելք»-ն էլ կստանձնի ընդդիմության դերակատարումը: Ֆորմալ իմաստով չեմ ասում, ֆորմալ կարող է մեկ ուժ էլ լինի»,- հայտարարեց նա:

Արզումանյանը վտանգավոր համարեց այն հանգամանքը, որ ընտրություններից հետո այն ուժերը, որոնք չեն անցնում խորհրդարան, սկսում են քննադատել ընդդիմադիրներին: «Սա հին ցավ է Հայաստանի իրականության մեջ, որ այն ուժը, որ չի ստանում մանդատ, հորդորում է ստացածին վայր դնել մանդատը, և եթե անցել է, ասում են` իշխանության պրոյեկտ: Սա անառողջ մոտեցում է, և յուրաքանչյուրը թող մտածի իր արած սխալների մասին և գիտակցի՝ ինչու է ստացել 1,5 և ոչ՝ 9 տոկոս»,- ասաց նա:

Հարցին՝ քաղաքականության մեջ կմնա՞ Արզումանյանը պատասխանեց. «Ես իմ ողջ կյանքը եղել եմ քաղաքականության մեջ, և այնպես չէ, որ պապերս Ազգային ժողովում են եղել: Սա ևս մեկ փորձառություն է, որի միջով անցա: Ես տարբեր տեղերում եմ աշխատել` թե' ընդդիմության, թե' իշխանության մեջ, այնպես որ` սա հերթական փորձն է: Որևէ ցանկություն չունեմ նորից անցնել այդ փորձը ԱԺ-ում»:

Հարցին՝ կաջակցի՞ «Ելք» դաշինքին ավագանու ընտրություններում, արձագանքեց, թե չգիտի՝ կմասնակցի՞, թե՞ ոչ: «Ելք»-ին խորհրդարանական ընտրություններին ձայն չեմ տվել, բայց շնորհավորել եմ և ասել, որ շատ ուրախ եմ հրաշալի անցկացրած կամպանիայի համար, և որ կարող են լավ մասնակցություն ունենալ ԱԺ-ում»,- ասաց Արզումանյանը:

Ինչ վերաբերում է ավագանու ընտրություններին չմասնակցելուն, ապա Արզումանյանը նշեց, որ իրեն ո'չ գյուղապետի պաշտոնն է հետաքրքրում, ո'չ Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամի: