կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-06 17:15
Քաղաքական

ՊԵԿ-ը հրաժարվում է պատասխանել, թե որ փուլում են ՍԱՍ-ում իրականացվող ստուգումները

ՊԵԿ-ը հրաժարվում է պատասխանել, թե որ փուլում են ՍԱՍ-ում իրականացվող ստուգումները

Այս տարվա սկզբին Երևան քաղաքի Թումանյան փողոցի և Բաղրամյան պողոտայի ՍԱՍ սուպերմարկետները ստուգման նպատակով փակվել էին ԿԱ ՊԵԿ-ի կողմից:  Ճիշտ է, սուպերմարկետների աշխատանքները կարճ ժամանակ հետո վերականգնվեցին, սակայն հարկային ստուգումների  գործընթացը չընդհատվեց:

Ստուգումներ իրականացնելու առաջին իսկ օրվանից  ՊԵԿ-ից պարբերաբար տեղեկություններ ենք փորձում ստանալ՝ ի՞նչ փուլում են դրանք: Վերոնշյալ գերատեսչությունից նախ պատասխանեցին, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում իր գործառույթն է  իրականացնում, իսկ թե ինչո՞վ է պայմանավորված հենց այդ ժամանակահատվածում այդպիսի ակտիվ ստուգումներ իրականացնելը, պատասխանեցին, որ ավելին ասել չեն կարող:

Յուրաքանչյուր անգամ, երբ ՊԵԿ-ից փորձում ենք ստուգումների վերաբերյալ նորություն իմանալ, մեզ  հորդորում են սպասել՝ պատճառաբանելով, որ գործընթացը դեռևս շարունակվում է, իսկ թե որքա՞ն կարող է այն տևել, չեն կարող ասել, և ինֆորմացիա կտրամադրվի այն ժամանակ, երբ գործընթացն ավարտվի:

Այսօր ևս փորձեցինք ՊԵԿ-ից նորություն իմանալ, սակայն` ապարդյուն. լրատվական բաժնից հաղորդեցին, որ մինչ այժմ տված ինֆորմացիային որևէ նոր բան չի ավելացել: «Պատկերը նույնն է, ինչ ասել ենք, նույնն էլ հիմա պետք է ասենք»,- ասացին ՊԵԿ-ից:

Սուպերմարկետները պատկանում են ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանին: Նա այս ընտրություններին ևս առաջադրվել էր և առաջիկա խորհրդարանում լինելու է` չնայած 5-րդ գումարման Ազգային ժողովում որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել:

Նշենք, որ հարկային ստուգումների գործընթացը և դրա մասին որևէ ինֆորմացիայի հաղորդումը հատկապես «խոր քուն մտավ» նախընտրական փուլում, երբ Արտակ Սարգսյանը զբաղված էր ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրելով: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա նախընտրական փուլում ծախսել է առնվազն 5 միլիոն դոլար, սակայն դա չի օգնել առավելագույն ձայներ ստանալ. նրան իր ունեցած ձայներով գերազանցել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը՝ ստանալով 18532 ձայն, իսկ Արտակ Սարգսյանը՝ 12027 ձայն: