Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ դեռ նախընտարական քարոզարշավը չի սկսվել, բայց ամեն օր հեռուստատեսությամբ ականատեսն ենք լինում, որ գործող քաղաքապետը շրջայց է կատարում այս կամ այն վարչական համայնքում, Ավան վարչական համայնքում մեծ թափով աշխատանքներ են տարվում, եւ սա միայն երեւացող կողմն է: Վարդանյանը հայտարարեց, որ իշխանությունը նորից գործ է դրել վարչական իր ամբողջ ռեսուրսը` Երեւանից մինչեւ ամենահեռավոր մարզեր:
«Հերթով` մեկ առ մեկ, խումբ-խումբ կանչում են կուսակցության գրասենյակներ, ամենախիստ հանձնարարականներն են տալիս, ասում են` կգնաք, ցանկեր կկազմեք, այդ ցանկերը մենք ստուգելու ենք: Թաղային հեղինակությունները պտտվում են թաղերով, հավաքում են «լավ տղերքին», ասում են` սա մեր «ախպեության ընտրությունն է», կապ չունի ՀՀԿ-ի հետ: Արդեն սկսել են ֆինանսական ռեսուրսների մասին խոսել: Մարզպետները Երեւանում շտաբներ են բացել, դեռ քարոզչությունը չսկսած` այդ շտաբներն աշխատում են: Ու ամեն անգամ ասում են`այս ընտրությունները նախորդներից ավելի լավն են լինելու, բայց ավելի վատ է լինում»,- նշեց Աղվան Վարդանյանը:
ՀՅԴ-ական պատգամավորն անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի` «եթե մենք չհաղթենք, ի՞նչ կլինի Երեւանի վիճակը» արտահայտությանը: «Եթե դուք չհաղթեք հրաշալի կլինի, եթե դուք հաղթեք` շատ վատ կլինի»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:
Նա եւս մեկ անգամ նշեց, որ այս ընտրությունները շատ կարեւոր են ՀՅԴ-ի համար, երբ կերեւա իրական ՀՅԴ-ի դեմքը: Այս ընտրությունները ՀՅԴ-ի համար պատվի, արժանապատվության եւ հեղինակության խնդիր են: