կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-25 16:30
Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրին

Ապրիլի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրին:

Պետքարտուղար Դեզիրը նախարար Նալբանդյանին տեղեկացրեց, որ նախօրեին Փարիզում տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակացելուց հետո ուղերևորվել է օդանավակայան՝ Երևան մեկնելու և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Մեծ Եղենի զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելու նպատակով:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանում բարձր են գնահատում Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության հարցում, և այն, որ Ֆրանսիայում դեռ 2001թ. օրենքի ուժով ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը։ Նա հավելեց, որ Հայաստանում շնորհակալությամբ են հիշում նախագահ Օլանդի մասնակցությունը Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները և այդ համատեքստում կարևորեց միջազգային հանրության ջանքերը՝ դրանք հաղթահարելու, նման զարգացումները հետագայում բացառելու և համապատասխան պայմաններ ստեղծելու՝ բանակցությունների, հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման ուղղությամբ։

Երկուստեք շեշտվեց, որ հիմնահարցի կարգավորումը չունի ռազմական լուծում։ Զրուցակիցները համակարծիք էին, որ առաջնահերթություն է դարձել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։

Հարլեմ Դեզիրը վստահեցրեց, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիան շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ 

Էդվարդ Նալբանդյանը և Հարլեմ Դեզիրը քննարկեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգային հարցեր: 

ՀՀ ԱԳՆ