Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ անդամ Ռուզան Առաքելյանը շատերին է ծանոթ որպես Ազգային ժողովի 4–րդ գումարման պատգամավոր, ու թեպետ գործող խորհրդարանի կազմում ընդգրկված չի, բայց քաղաքականությունից երբեք չի հեռացել: Այս ընտրություններում նա ներկայացված է կուսակցության համապետական ցուցակի 8-րդ հորիզոնականում, ինչպես նաև տարածքային ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում:
Սկզբի համար տիկին Առաքելյանին խնդրեցինք գնահատել քարոզարշավի ընթացքը, ասաց, որ այս օրերի ընթացքում համոզվել է, որ մեր ժողովուրդը բավականին իմաստուն է.
-Որքան էլ խոսում են այն մասին, որ փորձում են կաշառել ընտրողներին, մեծ մասն արդեն կողմնորոշված է, ու այնքան հիմնավոր են ներկայացնում իրենց դիրքորորշումը ՝ թե ինչու են այս կամ այ ուժին ընտրում: Դա իսկապես ուրախացնում է: Այնպես չի, որ բոլոը, ում հետ հանդիպում եմ, պատրաստվում են ՀՅԴ-ին ձայն տալ, պարզապես իրենք քաղաքացիական պարտքի գիտակցումն ունեն:
– Տիկին Առաքելյան որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվել եք թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանները: Այս ընտրատարծքում իշխանությունն առաջադրել է իր «ուժեղ» թեկնածուներին, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին,գործող պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին և այլոց: Ինչպիսի պայքար ե՞ք ծավալելու:
-Ուժեղ ասվածը շատ հարաբերական է: Ուժ ասելով ի՞նչ ենք հասկանում. միտքը, գաղափարախոսությունը, թե՞ փողը: Այս օրերին ես համոզվեցի, որ ուժեղ ես այնքանով, որքանով համոզիչ ես քո խոսքի ու կեցվածքի մեջ, մանավանդ եթե մրցակիցդ ուժեղ է միայն նյութապես: Ասեմ նաև, որ մարդիկ ինձ դեռ հիշում են նախորդ գումարման ԱԺ-ից:
– Օրենսդրական աշխատանքի փորձ ունեք, կնշեք երեք խնդիր, որոնք նպատակ եք դրել լուծելու՝ խորհրդարան մտնելով:
– Մեր նախընտրական ծրագրում արդեն ամրագրված են բոլոր խնդիրները, կարող եմ շատ ավելին ասել , քան ձեր կողմից նշված երեքը: Բայց առաջին հերթին Արցախի խնդիրն է ,քանի որ մենք չենք տարանջատում Հայաստան –Արցախ –Սփյուռք եռամիասնությունը ու հասնելու ենք նրան,որ Արցախը դառնա բանակցային կողմ: Երկրորդը՝ Հայաստանը պետք է դարձնենք արտահանող՝ ոչ թե ներմուծող երկիր: ՀՅԴ-ն առաջարկում է ՓՄՁ –ներին տալ հարկային արտոնություններ ու պետությունը պետք է կանգնի այն մարդկանց կողքին, ովքեր իրենց հայրենիքում զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ: Երրորդը՝ երկրի զարգացման ապագան հաշվում են նրանով, թե այդ երկրում ինչպես են ապրում ու ինչ ապագա ունեն ծերերը: Մենք ապահով ծերություն պետք է երաշխավորենք, որ այդ մարդիկ պաշտպանված լինեն ու արժանապատիվ կյանքով ապրեն:
– Տարիներ առաջ , սվիներով էին ընդունում կանանց մուտքը քաղաքականություն, հիմա կարծես սառույցը մի փոքր հալվել է: Համաձայն ե՞ք,որ մեր երկրում կանանց ներուժը այդքան էլ չի օգտագործվում:
-Իհարկե համաձայն եմ: Եթե Հայաստանի բնակչության 52 տոկոսը կանայք են , ապա ակնհայտ է, որ նրանց ներուժը լիովին չի օգտագործվում, ու առաջին հերթին՝ քաղաքականության մեջ: Սա լուրջ խնդիր է, բայց, ասեմ, որ դա պետք չէ պայմանավորել նրանով, որ տղամարդ քաղաքական գործիչները արգելում են կանանց մուտքը քաղաքականություն: Կարծում եմ, հոգեբանական, մտածելակերպային պատնեշները դեռևս գործում են ու հայ կինը իրեն պատրաստ չէ տեսնել քաղաքականություն մեջ: Լավ կին լինելը, ընտանիքն ամուր պահելը, իհարկե կարևոր գործ է, բայց պետք է հիշել, որ քաղաքականությունը նույնպես գործ է :Եվ նույնկերպ, ինչպես ձգտում ես դառնալ լավ դասախոս ու հրաշալի մանկավարժ, այնպես էլ քաղաքական գործիչ դառնալու, երկրում ինչ- որ բան փոխելու ցանկություն կարող ես ունենալ: Ասեմ նաև, որ եթե կինը պատրաստ է քաղաքականություն մուտք գործելուն, ապա նա պատրաստ է նաև պայքարելու: Այս իմաստով ես դեմ եմ քվոտավորման, քանի որ դրա շնորհիվ մենք գուցե կանանց կբերենք քաղաքական դաշտ, բայց դա դեռևս չի նշանակում , որ դա կլինեն պայքարելու պատրաստ կանայք: Իմ կարծիքով, տոկոսային հարաբերակցությունը պարտադրում է արհեստական գործընթաց, որի արդյունքում քաղաքականության մեջ հանդիպում ենք այնպիսի կանանց, ովքեր հոգեբանորեն պատրաստ չեն պայքարելու: Քաղաքականության մեջ լինելու համար ճանապարհ պետք է անցնել և ներքին մղում ունենալ:
-Ինչ կասեք «Քաղաքականությունը կնոջ գործը չէ» արտահայտության վերաբերյալ
– Քաղաքականությունը կնոջ գործ է , նույն չափով, որքան կնոջ գործն է ուսուցչությունը, լրագրությունը…… Հինգ տարի աշխատել եմ Ազգային ժողովում, ու բավական արդյունավետ տարիներ էին. հեղինակել եմ կարևոր օրինագծեր, օրինակ, որ սահմանամերձ համայքներում անվճար կրթության իրավունք ստանան շրջանավարտները՝ վերադարձի պայմանով: Մյուս օրինագիծը դարձյալ վերաբերվում էր սահմանամերձ բնակավայրերին. առաջարկում էինք, որ այդտեղ բիզնես գործունեություն ծավալողները պետք է ազատվեին շահութահարկից: Եղան նաև օրինագծեր,որ կառավարությունը հաստատեց,բայց արդեն չհասցրեցինք այն օրենքի տեսք տալ… Մի խոսքով, գործ էր, որը կանայք տղամարդկանցից ոչ պակաս ակտիվությամբ էին կատարում…
-Ձեր խոսքը կին ընտրողներին
-Որպես կին ես բարձր եմ գնահատում կանանց ներուժը: Կանայք պետք է կանանց միջոցով տեսնեն քաղաքական դաշտը: Շատ հարցերում կանայք ավելի զգայուն են , սրտացավ ու մտահոգ, ու նրանք այնպիսի միջավայր կստեղծեն, որ երեխան իր հայրենիքում կայանա,այլ ոչ թե օտար ափերում:
Աղբյուրը՝ womennet.am