կարևոր
364 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-30 17:15
Հասարակություն

Ապազգայնացման ծրագիրն արդեն բացահայտ ցինիզմով մուտք է գործել նաև հանրակրթության ոլորտ․ Արմինե Խերանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմինե Խերանյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի հայրենակիցներ

Այն, որ ՔՊ-ի իշխանավարման տարիները մեր երկրի համար եղել են ակնհայտ կորստաբեր, մենք ոչ միայն տեսել, այլև դրա ողջ ողբերգական հետևանքներ զգացել ենք սեփական մաշկի վրա։

Տարիներ շարունակ հետևողականորեն ոտնահարվում են ազգային արժեքները, ոչնչացվում են կայացած ինստիտուտները, թիրախավորվում են կառույցներ, որոնք ազգային պետության և ինքնիշխանության հիմքն են։ Բավական է միայն նշել արշավը եկեղեցու և Սահմանադրության դեմ, հանրապետական նշանակության մշակութային կոթողների նկատմամբ անտարբերությունը,  Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի փոփոխությունը, Անկախության հռչակագրից հրաժարվելու միտումը։

Օրվա իշխանությունը չի բավարարվում իր ապազգային գործունեության թիրախում ընգրկելով գործող կառույցները, այլև ձեռնամուխ է եղել գաղափարների և խորհրդանիշների դեմ ակտիվ պայքարի՝ սպառնալիք ստեղծելով մեր ինքնաճանաչման համար։

Ապազգայնացման ծրագիրն արդեն բացահայտ և անթաքույց ցինիզմով մուտք է գործել նաև հանրակրթության ոլորտ։

Նոր ուսումնական տարում հասարակության արդարացի զայրույթը բորբոքեց հանրակրթության ոլորտում իրականացվող հայրենադավությունը։ Դասագրքերից դուրս են մնացել մեր ինքնության պահպանման ճանապարհին անկյունաքարային դերակատարում ունեցող անհատներն ու իրադարձությունները, տարբեր դասարանների գրականության և պատմության դասագրքերում տեղ են գտել պատմական իրադարձությունների ոչ ճիշտ կամ ներկա իշխանություններին հաճո մեկնաբանություններ։

Գաղտնիք չէ, որ կրթական համակարգում առկա խնդիրները շատ են՝ վարքագծայինից մինչև բովանդակային։ Իսկ համապատասխան գերատեսչության ղեկավարը հարցին լուծում տալու փոխարեն տեսաուղերձներով հերթական թատրոնն է բեմադրում QR կոդերի տակ տեղադրված նյութերի և նոր ուստարում դպրոց չմտած դասագրքերի վերաբերյալ։

Հարցի մի կողմն է այն, որ մի բան է նյութը մի պահ նայելն ու անցնելը, այլ բան է, երբ Մաշտոցի՝ որպես  կրթական համակարգի հիմնադրի և ինքնության պահպանման ջատագովի կերպարը պարբերաբար գտնվում է սովորողի ուշադրության կենտրոնում՝ ձևավորելով վերաբերմունք ու ակնածանք։  Սա մեկն է նմանատիպ բազմաթիվ օրինակներից:

Մյուս կողմից՝ ինչքանո՞վ է նպատակահարմար դպրոցահասակին պարտադրել հեռախոսով մասնակցել դասաընթացին, և արդյոք բոլոր դպրոցահասակների ծնողները, հատկապես մարզային հեռավոր շրջաններում, ունե՞ն երեխաներին սմարթ հեռախոսներով և ինտերնետ կապով ապահովելու հնարավորություն:  Ինչու եք պարտադրում աշակետին գիքը փոխարինել հեռախոսով, թե դասապրոցեսին հեռախոսներով մասնակցելը նորաձև կրության անառարկելի պահանջ է։

Ի դեպ, երեկ Երևանի քաղաքապետը հայտարարեց դպրոցներում բջջային հեռախոսների կիրառումը սահմանափակելու մասին, ինչին, որպես երկարամյա ուսուցիչ և դասախոս, բնավ դեմ չեմ։ Ինքս բազմիցս առնչվում եմ դասապրոցեսին հեռախոսների կիրառության և QR  կոդով աշխատելու անհարմարությանը: Ուղղակի զավեշտ է. անբովանդակ թվային դասագրքեր և դրանք կիրառելու գործիքակազմի բացակայություն։

Սիրելի հայրենակիցներ, թուլ չտանք մեր ազգային արժեքների ոտնահարումն ու ինքնության ոչնչացումը, կանխենք ազգային ինքագիտակցությունից զուրկ և կեղծ գաղափարախոսությունների վրա հիմնված չորրորդ հանրապետության հռչակումը։