կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-22 12:01
Հասարակություն

Ընկեր Ռուզան Լալայան-Իսախանյանի մահվան առիթով

Ընկեր Ռուզան Լալայան-Իսախանյանի մահվան առիթով

 ՀՅԴ մեծ ընտանիքը կորցրեց Հայաստանյան իր կառույցի վետերան ընկերուհի Ռուզան Լալայան-Իսախանյանին: Հանգուցյալն ավելի քան յոթանասուն տարի Դաշնակցության անդամ էր: Նա ծնվել էր 25 հունվարի 1924 թվականին Իրանի Թավրիզ քաղաքում, կրթվել և դաստիարակվել էր տեղի ավանդապաշտ համայնքում: Պատանի Ռուզանի ազգային և գաղափարական խմորումը ստեղծվել է  հայկական մեծ գերդաստանում, որտեղ տիրել է ընտանիքի բարեկամ, դաշնակցական ֆիդայի՝ Կուկունյան արշավանքի մասնակից Բալաջանի (Ստեփան Ստեփանյանի) հերոսության և նվիրվածության  շունչը:

               

Երիտասարդ Ռուզանն երկրորդ աշխարհամարտի օրերին տեղափոխվել է երկրի հարավային շրջանի Մասջեդ Սուլեյման քաղաք՝ իր մյուս հարազատների մոտ, աշխատանքի է ընդունվել  Իրանի նավթային ընկերությունում և 1951 թվականին ամուսնացել է շրջանի ազգային-կուսակցական երիտասարդ գործիչ ընկ Էդվարդ Իսախանյանի հետ: Իսախանյան ամոլը բախտավորվել է երեք արու զավակներով՝ Վարուժ, Վարդան և Վահե: Նրանք 1969 թվականին փոխադրվել են Թեհրան, իսկ Հայաստանի անկախացումից հետո հաստատվել են Երևանում:

 

Ընկեր Ռուզանն իր ամուսնու մահվանից հետո ՀՅԴ շարքերում ուներ ոչ-գործոնի կարգավիճակ, բայց կարգապահորեն կատարում էր իր վրա դրված պարտականությունները և ամենօրյա կապի մեջ էր իր խմբի ընկերների հետ. նա ապրում էր հզոր Հայաստան ստեղծելու գաղափարով: Ընկ Ռուզանն իր ամուսնու հետ հիմնել էր հայկական ջերմ և ամուր ընտանիք, որտեղ հասակ առան երեք զավակները, որոնք ևս հետևելով ծնողների օրինակին, իրենց տիկնանց հետ գործոն դերակատարություն ունեն մեր միութենական ու կազմակերպչական կյանքում:

 

ՀՅԴ Հայաստանի կառույցի ընկերները սգում են հավատավոր ընկերուհու մահը և վշտակցում են նրա աշխարհասփյուռ գերդաստանի անդամներին:  Հանգիստ իր աճյուններին:

 

Տիգրան Դավթյան