կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-14 21:42
Քաղաքական

Հպարտ եմ, որ մոսկվայաբնակ հայազգի բժիշկները հավատարիմ են իրենց կոչմանը. Սերժ Սարգսյան

Հպարտ եմ, որ մոսկվայաբնակ հայազգի բժիշկները հավատարիմ են իրենց կոչմանը. Սերժ Սարգսյան

Ռուսաստանի Դաշնությունում Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի առաջին օրն ավարտվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում մոսկվայաբնակ հայազգի բժիշկների և ուսանողների հետ հանդիպմամբ, որին ներկա է եղել նաև Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը:

Հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ընդգծելով, որ իր արտերկրյա այցերի օրակարգում առանձնակի նշանակություն է տալիս սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումներին, քանի որ նրանք այլ երկրների հետ Հայաստանի համագործակցության ամուր հիմքն են` Նախագահը ասվածն առավել քան տեղին է համարել Ռուսաստանի դեպքում, որտեղ հայկական համայնքը աշխարհում ամենաազդեցիկներից է: 

Սերժ Սարգսյանը նշել է, թե հպարտ է, որ մոսկվայաբնակ հայազգի բժիշկները հավատարիմ են իրենց կոչմանն ու շարունակում են մեծ ներդրում ունենալ առողջապահության զարգացման գործում և անկախ գտնվելու վայրից՝ դժվարին պահին միշտ պատրաստ են համախմբվել ի նպաստ Հայրենիքի: Նախագահը այդ համատեքստում հիշել է, թե ինչպես անցած տարի ապրիլին` Հայաստանի և Արցախի համար դժվարին պահին, մոսկվայաբնակ հայ բժիշկները օգնության եկան, կանգնեցին երիտասարդ զինվորների կողքին` ցուցաբերելով բժշկական օգնություն և այդպիսով նաև անհրաժեշտ բարոյական աջակցություն: 

Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է նաև առողջապահության ոլորտում ձևավորված և հաջողությամբ զարգացող հայ-ռուսական փոխգործակցությանը: Ծավալված զրույցի ընթացքում հանդիպման մասնակիցներն իրենց առաջարկներն են ներկայացնել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների, այդ թվում՝ առողջապահության ոլորտում փոխգործակցության խորացման վերաբերյալ, ինչպես նաև Նախագահի առաջարկով տեսակետներ են հայտնել Հայաստանում ընթացող գործընթացների մասին:

ՀՀ դեսպանությունում Հանրապետության Նախագահը երեկոյան հանդիպում է ունեցել ռուսաստանյան պետական, քաղաքական գործիչ Սերգեյ Ստեպաշինի հետ: Նախագահը Սերգեյ Ստեպաշինին պարգևատրել է Պատվո շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնային համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար