կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-01 16:15
Հասարակություն

2 բնակարան կնվիրեն

2 բնակարան կնվիրեն

Կառավարության վաղվա նիստի օրակարգում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը ներառել է որոշում, ըստ որի « կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված օրենսդրությամբ սահմանված կարգով՝  Երևան քաղաքի Նազարբեկյան 48 անավարտ բնակելի շենքի 2  բնակարանները նվիրում են  այնտեղ բնակվող ՀՀ  քաղաքացիներին` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքվելու  են նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և  պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառուների միջոցների հաշվին:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի N48 հասցեում գտնվող անավարտ շենքում բնակվող բնակիչներին բնակարաններով ապահովելու  խնդիրներից:

Քաղաքացի Ռուզաննա Եսայանը իր ընտանիքով դեռևս 2007 թվականից բնակվում է նշված հասցեում,  և,  Վարչությունում առկա տեղեկատվության համաձայն, 2013 թվականին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բնակարանային պայմանները բարելավելու նպատակով Ռ. Եսայանի  ընտանիքին անհատույց տրամադրվել է ֆինանսական աջակցություն, որը վերջինս օգտագործել է զբաղեցրած բնակարանի վերանորոգման նպատակով:

Ռ. Եսայանը դիմել է ՀՀ վարչապետին՝ նշված բնակարանն իր ընտանիքի անդամներին նվիրելու խնդրանքով՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված գումարն օգտագործել է նշված բնակարանի վերանորոգման նպատակով, որի վերաբերյալ ՀՀ վարչապետի կողմից ստացվել է բնակարանը նվիրելու վերաբերյալ համապատասխան հանձնարարական:

 Հաշվի առնելով, որ Անդրանիկ Պապեյանն իր ընտանիքով 2008 թվականից բնակվում է նշված հասցեի 40 բնակարանում և բազմիցս դիմել է բնակարանը սեփականաշնորհելու խնդրանքով, նախագծում ներառվել է նաև վերջինիս բնակարան նվիրելու մասին դրույթները:

 Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ  հոդվածը մշակվել  է «Բնակելի տարածք նվիրելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է Երևան քաղաքի Նազարբեկյան 48 հասցեում գտնվող շենքի 31 և 40 բնակարանները նվիրել այնտեղ փաստացի բնակվող Ռուզաննա  Եսայանի և Անդրանիկ Պապեյանի  ընտանիքներին: