Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԳՆ` 2016 թ. գործունեության ամփոփիչ ասուլիսի ժամանակ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ բլոգեր Լապշինի շուրջ ստեղծված իրավիճակին` պատասխանելով հարցին` արդյո՞ք այդ միջադեպը նախադեպային կդառնա Արցախ այցելող օտարերկրացիների համար:
Հիշեցնենք, որ Բելառուսը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի պահանջը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ: Հայտնի բլոգերն Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»: Այնուհետև նա այցելել էր Բաքու ուկրաինական անձնագրով: Այսպիսով՝ Ադրբեջանում որոշում է կայացվել քրեական պատասխանատվության ենթարկել բլոգերին:
Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Չգիտեմ` որ երկիրը պետք է վաստակի Լապշինի գործից, բայց վստահ եմ, այդ երկրին հեղինակություն չի ավելանա, հակառակը` կգցի նրանց հեղինակությունը, ովքեր հետապնդում են մարդկանց, խախտում նրանց հիմնարար իրավունքները` ազատ տեղաշարժն և խոսքի ազատությունը: Դա խայտառակություն է, բայց այդ խայտառակությունը որոշների ինքնության բնորոշիչ մասն է դարձել: Չեմ կարծում, թե դա նախադեպ կդառնա: Ղարաբաղ գնացել են, կգնան ու ավելի կգնան»:
Նախարարը հավելեց, որ Ադրբեջանը կազմել է Արցախ այցելած 500 պետական, քաղաքական, հասարակական գործիչների, մշակույթի հեղինակավոր ու համաշխարհային համբավ ունեցող դեմքերի սև ցուցակ: Նալբանդյանը նաև վստահ է, որ որքան Ադրբեջանը խոչընդոտում է Արցախ օտարերկրացիների այցելություններին, այնքան ավելի է գովազդում Արցախը, և զբոսաշրջիկները էլ ավելի շատ են ցանկանում տեսնել Արցախը: Նրա խոսքով` Ադրբեջանի նյարդերը տեղի են տալիս, և նա այսպիսի իրավիճակներ է հրահրում, բայց դա կվնասի այն երկրներին, որոնք նման հարցերում կփորձեն համագործակցել Ադրբեջանի հետ: