կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 16:22
Հասարակություն

Հրանուշ Հակոբյանի նյարդերը տեղի տվեցին

Հրանուշ Հակոբյանի նյարդերը տեղի տվեցին

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ սիրիահայ համայնքի պատկառելի ներկայացուցիչներից մեկը՝ մասնագիտությամբ բժիշկ Պետրոս Բոյաջյանը, իր մտահոգությունները հայտնեց սիրիահայերի խնդիրների կապակցությամբ:

 

«Մարդիկ մահվան միջից եկել և հասել են Հայաստան, սակայն ի՞նչ են տեսնում այստեղ` գործարար մարդիկ ուզում են բիզնես դնել, սակայն հարկեր եք սահմանում՝ պատճառաբանելով, թե Հայաստանի օրենքն է այսպիսին: Ախր պատերազմական իրավիճակում օրենքը չի գործում: Մեր առջև հսկայական հայ գաղութը քայքայվեց և շարունակում է քայքայվել: Ժողովների ժամանակ խոսում ենք, սակայն արդյունք չկա, զեկույցը մնում է թղթի վրա»,- վրդովված հայտարարեց նա և հավելեց. «Ես չեմ ուզում ոչ մեկը վիրավորվի, ես շնորհակալ եմ արված գործի համար, միևնույն ժամանակ, ահազանգ եմ հնչեցնում, որ արված գործը թերի է և պակաս: Մենք դրա համար պետք է մոբիլիզացնենք մեր ուժերը»:

 

Բոյաջյանի անկեղծությունը բնավ դուր չեկավ Սփյուռքի նախարարի պաշտոնակատարին և նա բորբոքված հայտարարեց. «Ցավում եմ, որ առաջին անգամ եք մասնակցում և ասում եք բաներ, որոնք իրականության հետ շատ քիչ աղերս ունեն: Դուք, որպես բժիշկ, այսօր աշխատում եք Երևանի պետական բժշկական համալսարանում և վիրահատություններ եք կատարում, մի՞թե Դուք, Ձեր տղան և կինը աշխատանք չունեք: Դա առողջապահության նախարարության շնորհիվ է»:

 

Բժիշկն էլ հակադարձեց` ասելով, որ ինքն իր շնորհքով է աշխատում:

 

Դիմելով Բոյաջյանին` նախարարի պաշտոնակատարն ասաց, որ չի կարող բերել մի օրինակ, երբ սիրիահայը հարց է բարձրացրել, որը լուծում չի ստացել, կամ եկել է նախարարություն և նրան վիրավորել են: «Գիտե՞ք ինչքան դժվար է մարդկանց սահմանից բերել, առանց փաստաթղթերի Հայաստան եկածներին անձնագիր տրամադրել, ամեն մեքենայի հարցը լուծել»,- բարկացած հայտարարեց նա և, մատնացույց անելով իրենից աջ նստած փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, ասաց. «Չկա մի օր, որ ես չզանգեմ նրան»:

 

«Մեր երկրում 30 % աղքատության պայմաններում փորձում ենք սիրիահայերին անասելի, արտոնյալ պայմաններ ապահովել: 3 հատ օրենք ենք փոխել, կառավարությունը 20 որոշում է փոխել, որ ամեն ինչ դարձնենք անվճար: Չորսը սրտի վիրահատություն ենք արել…»,- շարունակեց նախարարը, իսկ թե էլ ինչեր է արել նախարարությունն այս ընթացքում, դիտեք տեսանյութում: