կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-16 15:52
Հասարակություն

15 օրում` 6 զոհ. ի՞նչ է հարկավոր իմանալ շմոլ գազի մասին

15 օրում` 6 զոհ. ի՞նչ է հարկավոր իմանալ շմոլ գազի մասին

Տարեցտարի ավելանում է ՀՀ տարածքում գրանցված` շմոլ գազից թունավորման դեպքերի և, դրանով պայմանավորված, տուժածների թիվը: Եթե 2005-ին գրանցված արտակարգ դեպքերի արդյունքում տուժել է 130 քաղաքացի, ապա 2016-ին` 547 անձ:

2005-2017թթ. վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին 5 տարիներին մահացությունների թիվը նվազել է:  Մասնավորապես` վերջին ՝ 2014-2015 թթ. գրանցվել է մահվան 8 դեպք, յուրաքանչյուր տարի՝ 4-ական:

Ցավոք, տխուր է 2017-ի առաջին 15 օրվա վիճակագրությունը.  շմոլ գազի հետևանքով մահացության 6 դեպք է գրանցվել, ընդ որում` երեքը՝  հունվարի 15-ին: Այդ օրը Նազարբեկյան 22 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է 3 երիտասարդի դի, երկուսը եղբայրներ էին՝ 24-ամյա Արթուր Սարկիսովը և 21-ամյա Արտյոմ Սարկիսովը:  Վերջինս օրեր առաջ էր զորացրվել: Մյուս մահացածն էլ Գարիկ Ստեփանյանն էր, ով ԱԻՆ-ում որպես փրկարար էր աշխատում: Նախնական վարկածով՝ մահվան պատճառ է դարձել շմոլ գազից թունավորվելը: Մահացածներից երկուսը եղել են մեքենայի մեջ, իսկ մյուսը՝  հատակին:

Նշենք, որ փակ տարածությունում շմոլ գազից թունավորման հավանականությունը մեծ է, հատկապես` եթե մեքենայի շարժիչը միացված է եղել, իսկ մեքենայի պատուհանները` փակ: Հայտնի է, որ շմոլ գազը շշմեցնող ազդեցություն ունի և շատ արագ ազդեցություն է ունենում:

Հարկ ենք համարում մեր ընթերցողներին հիշեցնել` խստորեն հետևեք անվտանգության կանոններին: Կոնկրետ նմանատիպ դեպքերում արգելվում է փակ տարածությունում շարժիչն ու մեքենայի վառարանը թողնել միացված: Հարկավոր է մեքենայի պատուհանները և ավտոտնակի դուռը  կիսաբաց  անել: Չի թույլատրվում մեքենայում, շարժիչը միացված, քնել:

Դժբախտ դեպքերից խուսափելու համար ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները: Կարդալ` այստեղ: