Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ թիվ 63 երթուղին սպասարկող ավտոբուսի զոհերին: Հարցին` եթե դեպքի վայրում գտնվող զոհերի թվի մասին հստակ ինֆորմացիա չունեին, և պարբերաբար տարբեր թվեր էին նշվում, արդյոք չի՞ նշանակում, որ ԱԻՆ-ի աշխատակիցները վատ են աշխատել, Երիցյանը պատասխանեց. «Ոչ, ասեմ, որ անձամբ ես եմ եղել այնտեղ, և շատ դժվար էր իմանալ: Ովքեր, որ եղել են այնտեղ, գիտեն, որ մասունքներ էին թափված, և շատ դժվար էր իմանալ` քանի զոհ է: Դրա համար ես գտնում եմ, որ ԱԻՆ-ի աշխատակիցների մեղքը չկա այստեղ: Անձամբ ես եմ եղել այնտեղ և անգամ ես չէի կարող ասել: Ինձ որ հարցրեցին, ասացի, որ երկու-երեք զոհ է, և հետո արդեն, մասունքները հավաքելուց հետո տեսանք, որ երկու զոհ է»: