Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալեքսանդր Թամանյանի երեւանյան կտավի գույները դարձել են անհասկանալի: Ըստ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի, մեր քաղաքի տեսքն աղավաղված է, կարծես, ինչ-որ մեկը շատ հայտնի նկարի վրա այլանդակ բան է վրձնում. «Յուրաքանչյուրս մեր դեմքն ունենք, այսինքն` եւս մի քանի աղավաղում եւ կկորցնենք թամանյանական քաղաքը, որը շատ գեղեցիկ էր արված, եւ որի գեղեցկությունը դեռ պահպանված է»,- մի առիթով ասել է Մկրտիչ Մինասյանը:
Պատմական քաղաքի մեծ ճարտարապետ Թամանյանը հաշվել ու գծագրել էր ամեն ինչ, որպեսզի Երեւանը կոչվի թանգարան բաց երկնքի տակ, սակայն այսօր շեղումները շատ են գլխավոր հատակագծից: Ճարտարապետների միության նախագահը նկատել է, որ շեղումներ սկսել են դեռեւս 1950-ականներից, երբ սկսեցին շինություններ կառուցել թամանյանական Օղակաձեւ այգում: Իսկ Թամանյանը նախատեսել էր դեպի Արարատ նայող ամֆիթատրոնով բացված քաղաք ունենալ:
Մասիսին նայող թամանյանական Երեւանի դեպքում հաշվարկված էր նաեւ մայրաքաղաքի կլիմայական առանձնահատկությունները. Ալ. Թամանյանը նախատեսել էր կանաչապատ ջրային հայելիներով Երեւան: Մոտ 500.000 բնակչության համար նախատեսված թամանյանական Երեւանում այժմ ապրում է 1.100.000-ից ավելի բնակիչ, իսկ գերխիտ կամ ոչ ճիշտ բնակեցումը Երեւանի գլխավոր հատակագծից շեղումների հիմքն է: Շատ են նաեւ բազմաբնակարանային շենքերի տանիքներում կառուցված նոր շինությունները, որոնք նույնպես թամանյանական Երեւանի դեմքն են կորցնում: Ըստ Մինասյանի, կենտրոնը պետք է ավելի շատ մշակութային լիներ, իսկ մնացած կառույցները պետք էր նախագծել` համաձայն գլխավոր հատակագծի:
«Քաղաքը կփրկի, գոնե, հետագայում խոշոր շինություններ կենտրոնում չկառուցելը: Պետք է հետեւողական լինել. ճարտարապետությունը կարեւոր եւ վտանգավոր մասնագիտություն է, քանի որ արվածը փոխելը, գրեթե, հնարավոր չէ: Դրական շարժ կա այն առումով, որ քաղաքացիները սկսել են տեր կանգնել իրենց քաղաքին, իսկ պետությունն էլ ավելի շատ ուշադրություն է դարձնում Երեւանին»,- ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ասաց ճարտարապետների միության նախագահը:
Պահպանենք եւ վերադարձնենք մեր քաղաքը, ասել է, թե` մեր դեմքը…