Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ամփոփեց տարին` ՀՅԴ գործունեության համատեքստում:
Պատգամավորի խոսքով` 2016-ը նոր սկզբի հնարավորություն էր մի քանի առումներով, նախ` 2016-ը սկսվեց կառավարման նոր համակարգով, նոր Սահմանադրությամբ, ինչը համակարգային փոփոխության հնարավորություն էր: 2016-ը նաև համակարգային փոփոխության տարի էր` ընտրական նոր օրենսգրքի ընդունման առումով, այն աշխուժություն մտցրեց քաղաքական դաշտում:
«Գիտակցելով, թե չգիտակցելով ԸՕ-ի դերը`մարդիկ տեսնում են, որ կա հնարավորություն ընտրությունների միջոցով Հայաստանում բան փոխելու: Կային գործիչներ, որոնք հայտարարում էին` եթե տեսնեն ԸՕ-ն այնպիսին է, որ հնարավոր է ընտրությունների միջոցով բան փոխել, ուրեմն կմասնակցեն ընտրություններին: Ուզում եմ շեշտել, որ այս երկու համակարգային փոփոխություններում Դաշնակցության դերակատարությունն էական է»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ-ի քաղաքական համագործակցությանը` պատգամավորը նշեց, որ այդ համաձայնագրի հիմքում դրված են մեր երկրին հուզող ներքին ու արտաքին բոլոր խնդիրները: «Շատերը մեզ փորձում են մեղադրել, շատերը փորձում են այդ համաձայնագրի մեջ այլ ենթատեքստ տեսնել, բայց եթե մենք վստահ չլինեինք, որ առաջադրում ենք այնպիսի խնդիրներ, որոնք անհրաժեշտ է մեր երկրում իրականացնել, մենք երբեք չէինք գնա համագործակցության»,- ասաց նա:
Պատգամավորը առանձնացրեց նաև նոր կառավարության ձևավորումը, որը նոր մոտեցումների ու դրական սպասումների սաղմեր ձևավորեց: Նրա խոսքով` նոր կառավարության ծրագրում դրված են նաև ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համաձայնագրի ուղղություններն ու խնդիրները: Թե որքանո՞վ ծրագիրը արդյունավետ կլինի ու տեսանելի արդյունքներ կգրանցի, ցույց կտա ժամանակը, քանի որ ջանքերը տեղափոխվելու են արդեն 2017 թվական, որը նաև նախընտրական տարի է լինելու:
Աղվան Վարդանյանի խոսքով` ՀՅԴ-ի համար 2016-ը առանցքային էր անկախության 25-ամյակի առումով: Դա ևս նոր սկիզբ էր, և ինչ-որ առումով 25 տարին ամփոփում էր պետականության առաջին հասունության շրջանը` իր թերություններով, առավելություններով հանդերձ: «Պարտավոր ենք անկախության 25-ամյակից հետո մտնել նոր փուլ` ստեղծելով նոր սկզբի հնարավորություն»,- ասաց նա:
Պատգամավորը խոսեց 2016-ի երկու ծանր իրադարձությունների մասին` ապրիլյան պատերազմ և հուլիսյան դեպքեր: Ըստ Վարդանյանի` ապրիլյան պատերազմում ժողովուրդն աչքի ընկավ անսպասելի համախմբվածությամբ, երկիրը պաշտպանելու ուժեղ կամքով, ցավոք, եղան անդառնալի կորուստներ: Սակայն ապրիլից մինչև ամառ չկարողացանք կուտակված էներգիան ճիշտ ուղղորդել, ու պատահեցին հուլիսյան դեպքերը: Աղվան Վարդանյանը շեշտեց, որ հուլիսյան դեպքերին առաջինը գնահատական տվեց Դաշնակցությունը` հայտարարելով, որ մեր երկրում իմաստ չունի և դատապարտելի է զենքով ու բռնությամբ փորձել հարցեր լուծել:
«Որքան էլ անկեղծ կամ հուսահատ լիներ այդ քայլը, ցավալի է, բայց դա ինչ-որ առումով ուղղորդված էր կամ ոչ, նկատի ունեմ` դրսի ուժերին, դարձավ ապրիլյան մեր համախմբվածությունը ջարդելու, կոտորակելու առիթ ու հնարավորություն: Փառք Աստծո, մենք դուրս եկանք այդ կացությունից, բայց խնդիրները մնում են, և դրանք լուծելու համար պետք է հետևողականորեն աշխատել»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Պատգամավորը հավելեց, որ Դաշնակցության համար 2016-ը կազմակերպական առումով ևս նոր սկզբի հնարավորություն էր: Վերջին 6 ամիսների ընթացքում Դաշնակցության շարքերն են անցել մոտ 800 նորագիրներ, և նրանց 80 տոկոսը երիտասարդներ են: «Առաջիկա տարիները լինելու են անկախության սերնդի ինքնադրսևորման հնարավորության ժամանակաշրջան, և շատ կարևոր է քաղաքական դաշտում իրականացնել սերնդափոխություն` վստահելով պետությունն ու իշխանությունը նոր սերնդին: Մենք հրաշալի երիտասարդություն ունենք` շատ ավելի ազատ, ավելի անկախ մտածողությամբ, և հույս ունեմ, որ Դաշնակցության այս վերանորոգումը դառնալու է քաղաքական կյանքում նոր մոտեցումների առհավատչյա»,- ասաց նա:
Վերջում Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ որքան մեծ լինի Դաշնակցության կշիռը խորհրդարանում, այնքան երկրում կապահովվի ներքին կայունությունը, զարգացման ռեալ նախադրյալներ կստեղծվեն, երաշխավորված կլինի Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, օտար միջամտության հնարավորությունները նվազ կլինեն ու հակազդեցություն կստանան: